Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Տեխաս նահանգի համալսարանը ստիպված է եղել հրապարակել գումարը, որը վճարվել է կոլումբացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվի համար։ Այն կազմել է 2.2 մլն դոլար, նշել է համալսարանին կից Հարի Ռենսոմի անվան հումանիտար գիտությունների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Այդ ուսումնական հաստատությունը երկար ժամանակ կտրականապես հրաժարվում էր նշել գումարը, որը վճարվել է գրողի արխիվի համար 2014թ. նոյեմբերի վերջին։ Այն նույնիսկ նահանգի գլխավոր դատախազին է դիմել՝ խնդրելով գաղտնիություն ապահովել այդ տեղեկությունների համար։ Սակայն դատախազն այլ որոշում է կայացրել և պարտավորեցրել է ուսումնական հաստատությանը հրապարակել այդ տվյալները։

Մարկեսի արխիվի գնումը սուր քննադատություն էր առաջացրել Կոլումբիայի կառավարության և Մեքսիկայի իշխանությունների կողմից, որտեղ վերջին տարիներին ապրում էր հեղինակը։ Մասնավորապես՝ նրանց բարկացրել է այն, որ արխիվը գտնվելու է մի երկրում, որն անձամբ Մարկեսը չէր սիրում և հաճախ քննադատում էր։

Մարկեսի հարազատները, ումից գնել են փաստաթղթերը, պնդում են, որ գինը չի եղել գլխավոր գործոնը, որը որոշել է նրանց ընտրությունը՝ հօգուտ Տեխասի։ Նրանց խոսքերով՝ հիմնական դերը կատարել է ամերիկյան ուսումնական հաստատության հեղինակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել