Անհայտները գտնելու համար պիտի անհայտների թվին համապատասխան հավասարումներ ունենալ: Իսկ էսօրվա ընդդիմության միակ հավասարումը «Իշխանափոխությունն ա»։ Սա նշանակում է մի բան. կամ մեր ընդդիմությունը դպրոց չի գնացել, կամ էս երկրում մի հատ անհայտ կա:
Հիմա հավասարումների համակարգի մասին: Իսկական համակարգում էսօր կան առաջին հայացքից հայտնի, բայց լիքը անհայտներ: Հերիք չի անհայտ են, անհայտ է նաև նրանց ծագումը: Հիմա ժողովուրդը մշտապես դուրս է համակարգից, ժողովուրդն անհայրենիք է: Որովհետև ժողովուրդը հայրենիք ունենում է միայն էն ժամանակ, երբ պետությունը հայտնվում է օրհասական վիճակում, ու իշխանությունը պետությանը մի քիչ զուգում, զարդարում է ու որպես հայրենիք հրամցնում ժողովրդին: 
Հա, ինչ էի ասում: Էտ հավասարումների համակարգից դուրս էլ լիքը անհայտներ կան: Որոնց մասին մտածում է միայն ընդդիմությունը, բայց մտածում է միայն մի ուղղությամբ. Համակարգը, որպես էդպիսին վերացնելու ու թողնելու լիքը անհայտներով մի հավասարում, որը ոնց ուզում ես արա՝ չի լուծվելու:
Հիմա երկու բառ այլընտրանք կամ չեզոք կոչվածների մասին: Չեզոքը Շվեյցարիան էր, որովհետև հարուստ էր, ու էնտեղ լիքը շահեր կային: 
Հարստությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է չեզոքություն պահպանելու համար: Դրա համար էլ նման չեզոքությունը ճմրթելը հեշտ է:
Հիմա պետական մեքենայի մասին: Ամեն մի պետական մեքենա իր երկրի տնտեսության հայելին է: Մի տեղ ինքը էներգետիկա է, մի տեղ թեթև արդյունաբերություն, մի տեղ բարձր տեխնոլոգիաներ, իսկ մի այլ տեղ էլ... սպասարկում ու ծառայությունների մատուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել