Քաղաքական դաշտի մեծագույն պարադոքսներից մեկը պիտի համարել վերջին շրջանում ակնհայտված Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունը, որն օրավուր նոր երանգներ է ստանում: Պարադոքս կոչեցինք, որովհետև որևէ մեկին գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ինչպես լրագրողական, այնպես էլ քաղաքական ողջ կարիերան կապակցվում է Լևոն Տեր-Պետրոսյանին, հենց հիմնադիր նախագահը, ի հեճուկս Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարության, որը հեռացրել էր Փաշինյանին, ամեն ինչ արեց, որպեսզի երիտասարդ լրագրողը դառնա թերթի խմբագիր, առաջխաղացում արձանագրի ընդդիմադիր դաշտում, իսկ հետո էլ համարվի 2018-ի ՀՀ նախագահի ընտրությունների գլխավոր հավակնորդներից մեկը: Այս ամենը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ, որն էլ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների կենտրոնում պահեց Նիկոլին, նրա միջոցով կարողացավ ուղղորդել զանգվածներին: Այսօր Տեր-Պետրոսյանը բառացիորեն չնկատելու է տալիս Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս էլ խորհրդարանում, նկատի ունենալով հենց Լևոն Տեր-Պետրոսյանին, հայտարարում է. «Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասեմ, որ անցյալ ուրբաթ օրը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները իմ ներկայացրած նախագծի կապակցությամբ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին, և ես ենթադրում եմ, որ ՀԱԿ –ՀՀԿ այդ միասնական դիրքորոշումը առաջացել է Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան խորհրդապահական շփման խողովակի միջոցով, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին բաց նամակում: Եվ ընդհանրապես, ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանին հանդիպման աղերսագրեր գրող քաղաքական ուժերը և գործիչները ինձ համար ընդամենը անցյալի գաղջ հիշողություն են և ես սրանից ավելի ասելու ոչինչ չունեմ»: 
Սա արդեն բավական լուրջ մարտահրավեր է՝ նետված ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլևՀԱԿ-ին, որի ստեղծողներից և առաջնորդներից մեկն է Նիկոլ Փաշինյանը: Քննադատել այն մարդուն, որին տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը հոգևոր առաջնորդ է համարել, քննադատել այն քաղաքական ուժը, որի ստեղծողներից է, նշանակում է գտնվել պատերազմական վիճակում, որն, անպայմանորեն, իր ներքին, բայց ոչ հրապարակային բացատրություններն ունի: 
Ուրեմն, իրականում ինչո՞ւ է ձևավորվել այս հակամարտությունը, և ի՞նչ է ուզում կողմերից յուրաքանչյուրը: Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին կարելի է դիտարկել որպես քաղաքական կտակի նման մի բան, երբ հիմնադիր նախագահը Ցեղասպանության 100-ամյակի առթիվ իր մտքերն է հայտնում և խնդրում երրորդ նախագահից՝ ընդունել իրեն: Սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանն իրեն այլևս չի զգում ընդդիմության առաջնորդի դերում և դիմելով երրորդ նախագահին, ըստ էության, իր վերջին հրապարակային հայտարարություններից մեկն է անում: Հենց սա էլ այսօր բորբոքել է Նիկոլ Փաշինյանին, որն, անտարակուս, ընդդիմադիր դաշտում կամենում է սեփական հետագիծը հաստատել և առաջ ընթանալ միայն իրեն հայտնի և իր կողմից ընդունված մեթոդաբանությամբ: Այդ մեթոդաբանությունը նոր չէ, մենք արդեն ունենք Արտաշես Գեղամյանի օրինակը, երբ մոլեգնորեն քննադատելով ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ առաջին նախագահին, նա, ըստ էության, չկարողացավ առաջաքայլ ապահովել: Նիկոլ Փաշինյանը նույն հարթակին չի տեղավորում Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին, սակայն մերժում է երկուսին էլ, Լևոն Տեր-Պետրոսյանին համարում «անցյալի գաղջ հիշողություն»: Չընդունելով Նիկոլ Փաշինյանի ծայրահեղականությունը և զգացմունքներով և հրապարակախոսական կրքով ներկայացվող հայտարարությունների տոնայնությունը, այնուհանդերձ, պիտի նշենք, որ առայժմ ոչ շատ ցայտուն տեղի է ունենում քաղաքական դաշտի որակական շրջափոխություն, յուրատեսակ տրանսֆորմացիա, որը տակավին որոնումների մեջ է:
Իսկ որոնումները հաջողությամբ պսակելու համար ոչ թե պետք է հակամարտություններ ձևավորել, այլ ընթանալ նոր գաղափարների հայտածման ճանապարհով: Հուսանք, որ հասունացող հակամարտությունն, այսուհանդերձ, կմարի, ի հայտ կգա նոր քաղաքական հայեցակարգը, որն էլ կտանի դեպի նոր ընդդիմության ձևավորման:
Իսկ նոր ընդդիմություն անհրաժեշտ է, որովհետև ընդդիմությունն էլ, ինչպես իշխանությունը, ծերացել է…
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել