Tert.am-ը գրում է․

Քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը, ով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի՝ դիվերսանտներին հայկական կողմին հանձնելու կոչից հետո հանդես էր եկել պատասխան կոչով, որպեսզի ԱՄՆ-ը Թուրքիայի վրա ճնշումների միջոցով վերադարձնի Մասիս սարը, այժմ այն ուղղում է արդեն տիկնայք Նուլանդին, նաև ԱՄՆ Պետդեպի խոսնակ Ջենիֆեր Պսակիին, ով նույնպես հանդես եկավ նման կոչով:

«Հարյուրամյակի նախօրյակին աննշան  մի քայլ անեն դեպի հայ ժողովուրդը, որը եվրոպական և համաշխարհային  քաղաքակրթության արժեքների մեջ է տեղավորվում և մարդասիրության… Մասիս սարը վերադարձրեք Հայաստանին՝ որպես օկուպացված տարածք: Սար, որն իրենց համար ոչ մի նշանակություն չունի, սար, որ ռուսները, ավելի ճիշտ՝ վրացի Ստալինը նվիրել է թուրքերին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտորը:

Նշենք, որ Նուլանդի, ապա՝ Պետդեպի մամուլի խոսնակ Ջենիֆեր Պսակիի հայտարարությունները Արցախի և Հայաստանի քաղաքագիտական ու  նաև՝ պաշտոնական շրջանակների կողմից բավական հստակ արձագանքի արժանացան:

Մասնավորապես,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «տարօրինակ» բառով էր որակել ԱՄՆ Պետդեպի կոչը, և ի պատասխան հարցի, որ եթե ադրբեջանական կողմը դիմի, հնարավո՞ր է դիվերսանտների հետվերադարձ, նշել էր, որ չի կարծում, որ դա հնարավոր է և ավելացրել, որ հարցը փակված է՝ ԼՂ-ն իր դիրքորոշումն արդեն հայտնել է:

Այնուամենայնիվ, ո՞րն է տարածաշրջանում ԱՄՆ ակտիվացման պատճառը, արդյո՞ք քաղաքագետը կիսում է այս կարծիքը: Լևոն Շիրինյանը ոչ միայն կիսում է, այլև ավելացնում, որ տարին ակտիվ են սկսել տարածաշրջանի բոլոր խաղացողները:

«Մենակ Ամերիկա՞ն է ճնշումները մեծացրել, բա Պարսկաստանի արտգործնախարարը, Բաքվում առաջին անգամ հայտարարեց, որ Արցախյան հարցը լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում (այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները Tert.am)... Էս բոլորը  պայմանավորված է Հայաստանի թուլացմամբ մեկ և երկրորդ՝ Հայաստանի միջազգային իմիջի կորստով»,-նկատեց քաղաքագետը:

Նա կարծում է նաև, որ սա ազդանշան է, որ Վաշինգտոնում հայկական լոբբին թույլ է աշխատում, ավելի ակտիվ է թուրքականը:

«Բայց սա երկրորդական է, ամեն ինչ գալիս է իմիջը կորցնելուց»,-ավելացրեց քաղաքագետը:

 Հիշեցնենք, որ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը հայտնել էր, որ ԱՄՆ-ը կտրուկ փոխում է քաղաքականությունը տարածաշրջանում և ավելացրել. «Կհանդիպենք շատ ավելի կոշտ քաղաքականության և շատ ավելի կոնկրետ՝ ոչ իներցիոն բնույթի: Այսպես ասենք՝ քաղաքականություն, որը կազդի նաև տարածաշրջանային ճարտարապետության վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել