Ռեինկարնացիայի Ռոլանդին միշտ հավանել եմ։ Մարդ, ով ռեգգի մշակույթ բերեց Հայաստան, մարդ, ում երգերը չնայած որ լայն մասսաների համար չէին, բայց արագ մտան բոլորիս սրտերը, մնացին մեր շուրթերին՝ ի շնորհիվ անկեղծության, խորը մտքերի ու բարձրաձայնված արժեքների։ Հատկապես սիրեցի Երևանի մասին երգն ու տեսահոլովակը։ Ռոլանդի դեմքով ես սկսեցի պատկերացնել իսկական երևանցուն, ով ցավում է այս քաղաքի համար, ով գիտի, թե որն է քաղաքի իրական դեմքը։ Այսօր նայեցի հաղորդում, որտեղ «Քաղցած չէին սպասում»-ը գնացել էր Ռոլանդի տուն, ու երբ տեսա, թե այս տղան ինչ է դարձել, խորը հիասթափություն ապրեցի։ Նա այն արժեքների կրողը չէր, որ պատկերացնում էի։ Ռոլանդն այն նույն սև գծավոր սպառծիվկով հաստավզի կերպարով էր, որը քանդում է իր երգերում գովերգվող մեր քաղաքը։ Ռոլանդը սափրագլուխ էր ու մեծ սև խամեռ էր քշում հենց Երևանը քանդողների նման, որոնք մեր քաղաքը մեջ-մեջ են արել, բաժանել են հարազատների մեջ ու թալանում են։ Նա հենց այն մարդու կերպարանքով էր, ով գողացել է Երևանի գույները, տիրացել նրան, ուրիշ գույներով զարդարել ու անցյալը մոռացել։


Ու մտածում եմ՝ ինչու է մարդը, ով պայքարում է այդ արժեքերի դեմ բեմում, կյանքում ձգտում ամեն կերպ նմանվել հաստավիզ ռաբիսին, խոսում քյաբաֆիլի լեքսիկոնով ու հումորներ անում Թաթուլի մասին։ Ինչի՞ է Բոբ Մառլիի կերպարով ու գույներով բեմում հանդես եկող մարդը կյանքում Խատուբայի ու շեմուշկից բուրգեր կառուցող գոպնիկի պես ապրում։ 

Ռոլանդը հետաքրքիր դեպք հիշեց իր անցյալից, երբ գումար չուներ ու մարշուտկայով գնում էր սիրած աղջկան տեսնելու, բայց հեռախոս չուներ, որ զանգեր նրան։ Վստահ եմ՝ այդ ժամանակներից նա նայել է իր կողքի պոռճերին ու ոչ թե ցանկացել է այլ որակի դառնալ, այլ երազել է դառնալ հենց նրանց պես։ Այսօր, երբ բախտը որոշակիորեն բերել է, նա մեկին մեկ նմանակում է հենց այդ պոռճերին։ Խնդիրը պարզապես սխալ ընտրված հերոսների մեջ է։ Ռոլանդի հերոսը Երևանը քանդողն է։

Վստահ եմ՝ շատերը կասեն մարդ ոնց ուզում տենց է հագնվում ու թրաշում գլուխը, ուզում է սև խամեռ է քշում, քեզ ինչ՞. ես մի բան կասեմ, թող չհակադրեն իրանց այս արժեքներին ու սիրվեն, թող ցույց չտան, թե տարբեր էն սրանցից, թե դրսի ռեգգի արժեք էն բերել սրանց ռաբիզի դեմ... երբ նույնն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել