Այսօր Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին հայտարարությունները վկայում են, որ թուրք գլխավոր դիվանագետը լավ չի տիրապետում իր ոլորտին ու չի էլ ըմբռնել արձանագրությունների էությունը։ «Ցյուրիխյան արձանագրությունների կյանքի կոչման համար Թուրքիան նախապայման է դնում. Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները»,-ասել է Չավուշօղլուն։ Փաստորեն, Թուրքիան այդպես էլ չի հասկացել, որ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են առանց նախապայմանների բանակցություններ։ Իսկ եթե հերթը հասնի նախապայմաններին, ապա նախապայմաններ առաջին հերթին պետք է ներկայացնենք մենք և ոչ թե իրենք։ 
ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլուն շատ լավ պետք է իմանա, որ Եվրամիությանն անդամակցելու թուրքական երազանքն իրականացնելու համար պետք է կատարեն մի շարք պահանջներ։ Արդեն մի քանի տասնամյակ Եվրոպայի դռները թակող Թուրքիան պետք է հարթի իր խնդիրները հարևանների հետ։ Այդ թվում նաև հարթի ՀՀ-ի հետ ունեցած հարցերը՝ Հայաստանի հետ փակ սահմաններ, Հայոց ցեղասպանություն։ 
Ստացվում է, որ ամբողջ աշխարհը Թուրքիային է նախապայմաններ ներկայացնում, Թուրքիան, չգիտես ինչու, որոշել է մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել