Tert.am-ը գրում է․

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական փոխգործակցությունը` հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերն ի նպաստ կդրվեն երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու գործին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերային դինամիկ հարաբերությունները և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է Արդարադատության նախարարության հետ համատեղ իրավական ոլորտում շարունակական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են քրեական արդարադատության և քրեակատարողական ոլորտներում իրականացվելիք բարեփոխումներին, իրավական ակտերի մշակման հմտությունների հետագա ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող գործողություններին վերաբերող հարցեր:

Կարևորելով Միացյալ Նահանգների փորձը պրոբացիայի ոլորտում՝ կողմերը քննարկել են փորձի ուսումնասիրության հնարավորությունները և Հայաստանում ստեղծվելիք համանուն ծառայության կարողությունների ամրապնդման խնդիրները: Հանդիպման ավարտին դեսպանը հատուկ ընդգծել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության ջանքերը, ինչը կարևոր է քաղաքացիական հասարակության զարգացման համար համապատասխան երաշխիքներ ու հստակ մեխանիզմներ նախատեսող իրավական ակտ ունենալու տեսակետից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել