Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագիրը:

Հիմնական զեկուցող, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարցրեց՝ արդյո՞ք այս տարվա կամ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։

Նա հիշեցրեց, թե հարցազրույցներից մեկում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե էլէներգիա արտադրող ընկերությունները բավական ծանր վիճակում են գտնվում:

Ռոբերտ Նազարյանը նշեց, թե էլեկտրաէներգիայի և գազի սակագներն իրար հետ ուղիղ կապվածության մեջ են։

«Մասնավորապես, լուրջ դերակատարում ունի նաև դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, դրանով պայմանավորված՝ մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի՝ դոլար-դրամ գներով պայմանավորված: Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել: Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»,-ասաց նա:

Ի դեպ, Ռոբերտ Նազարյանը նկատեց, թե հանձնաժողովը հսկում է կարգավորող ընկերությունների գնումների գործընթացը. «Մոնիտորինգի արդյունքում շատ գներ նվազեցրել ենք, կարողացել ենք խուսափել ավելի թանկ գնումներ կատարելու գործընթացից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել