Tert.am-ը գրում է․

Հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից 4,5 մլրդ մարդկանց շրջանում իրականացված հարցումներով պարզվել է, որ Հայաստանը գլխավորում է ամենաանառողջ սննդակարգով երկրների ցանկը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ հետազոտությունը իրականացնելիս հաշվի են առնվել տվյալ երկիր ներկրվող, արտադրվող, իրացվող սննդամթերքը, հասանելիության ազգային մակարդակը և երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:

«Այսինքն՝ աղքատության ցուցանիշը հաշվի առնված չէ, որովհետև պարզ է, որ աղքատ երկրում մարդիկ չեն կարող հաճախակի օգտագործել ծովամթերք: Մենք այսօր բոլորս խնդիր ունենք հասարակությանը բացատրելու, թե որ սնունդն է վտանգավոր, որն անվտանգ ու օգտակար»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ հետազոտությունը չի վերաբերվում անորակ սննդին, այլ սխալ սնվելուն, սխալ սնունդ ուտելուն:

«Հայաստանում գոյություն չունի դիետիկ սնունդ, բայց աշխարհում դա ընդունված բան է, քանի որ շատ մարդիկ ունեն խնդիրներ և պետք է դիետիկ սնվեն: Ավելին, ցանկացած մարդու համար օգտակար է երեկոյան դիետիկ սնվելը: Առողջապահության նախարարության կողմից չկա գրանցված որևէ ապրանք, որը կվկայի, որ տվյալ ապրանքը դիետիկ է: Եթե դուք այսօր խանութներում հանդիպեք որևէ սննդամթերքի, որի վրա գրված կլինի դիետիկ, ապա միանշանակ օրենքի խախտում է»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը նաև նշեց, որ բազմաթիվ սննդամթերքների մեջ պակասում են կարևոր նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի համար: Ըստ նրա՝ կարևոր է, որ Առողջապահության նախարարությունը մշակի խորհուրդ-հորդոր թերթիկներ և հուշի մարդկանց, թե որ սննդամթերքը սպառեն:

«Այս խնդիրին պետությունը պետք է լուծում տա քաղաքացիների հետ աշխատանք տանելով: Իսկ եթե պետությունը պրոբլեմը պահում է, խնդիրը չի կարող լուծվել, դեռ ավելին՝ մի քանի հոգի բարձրացնում են ու սկսվում են արդարացումներն ու մեղադրանքները»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել