Tert.am-ը գրում է․

Հայաստանի ներքաղաքական զարգացումները որևէ կերպ չեն կարող ազդել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: Այսպիսի համոզմունք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հարցին, թե Հայաստանի ներքաղաքական զարգացումներն արդյոք չեն ազդում ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարի վրա:

«Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները միայն ներքաղաքական զարգացումներ են, որի արդյունքում Հայաստանի իշխանությունների  քաղաքական կամքը և ծրագրերը չեն փոխվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում: Ապագայում ինչպիսին էլ լինեն ներքաղաքական զարգացումները, որևէ ձևով չեն կարող ազդել այդ հարաբերությունների վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ ավելացնելով, թե եթե փորձի այդ զարգացումների ազդեցության գնահատականը տալ, ապա պետք է ասի, որ այն միայն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա:

Նշենք, որ հարցուպատասխանը տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել