Tert.am-ը գրում է․

Սա կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, որտեղ հստակեցվելու են ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներն ու հնարավոր ապագան, հատկապես, երբ խոսքը գնում է իրավական հիմքերին: Այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:

«ԵՄ-ն ակնկալիքով սպասում է այս աշխատանքների ավարտին և սկսել է աշխատել ՀՀ-ԵՄ բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ»,- ասաց Տրայան Հրիսթեան՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների հետագա ձևավորմանը:

Նրա խոսքով՝ այս համաժողովը պլատֆորմ է, որը կնպաստի տեսակետների փոխանակմանը քաղաքացիական հասարակություն և  հասարակության այլ հատվածների միջև: «ԵՄ-ն Հայաստանի հետ հեռանկարային հարաբերություններ է նախանշում: Կողմերն ունեն քաղաքական կամք»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, որ նույնպես մասնակցում էր կոնֆերանսին, ասաց, թե «մեր ակնկալիքներն այն են, որ կարողանանք հստակ ձևակերպումներ տալ Հայաստանի առաջնահերթություններին արտաքին քաղաքական բնագավառում և ԵՄ հետ հարաբերություններում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել