Երեկ Կառավարությունում անցկացված հանդիպման ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել Տրանսպորտի և կապի նախարար Գ.Բեգլարյանը, ով մանրամասն ներկայացրել է 2014թ-ին կատարված ծրագրերի և աշխատանքների ամփոփ հաշվետվությունը, ինչպես նաև մանրամասներ է հաղորդել հաջորդ տարիներին նախատեսված ծրագրերի մասին:
Նախարարի տեղեկացմամբ՝ ընդունվել է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիրը:

Զեկուցվել է նաև, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագրի ֆինանսավորման համար համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական ներդրումային բանկի և Համաշխարհային բանկի հետ: 
Վերոնշյալ հանգամանքը շատ կարևոր է այն պարզ պատճառով, որ ցանկացած ներդրում և քայլ, որը կատարվում է տրանսպորտային հաղորդակցության ուղիների կարգավորման և մասնավորապես՝ ճանապարհների կառուցման, դրանց հիմնանորոգման, բարեկարգման ուղղությամբ, արդարացված է, քանզի այն անմիջական ազդեցություն է ունենում առաջին հերթին մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշների վրա:

Ինչ վերաբերում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագրին, ապա անհրաժեշտ է փաստել, որ, իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը զուգահեռ՝ այն թույլ կտա գործնականորեն մեծացնել Իրանը ժամանակակից ճանապարհով Վրաստանին կապելու հնարավորությունը:

Հ.Գ. Վերոնշյալի համատեքստում հավելյալ երաշխիքներ են ստեղծվում նաև Իրանի և Վրաստանի համար, այն է. Հայաստանը վերոնշյալ հարևանների համար դառնում է առավել վստահելի և շահավետ գործընկեր, ինչն, ըստ էության, բխում է նաև մեր պետության շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել