Չեմ ասի, թե քաղաքական DJ-ները բոցաշունչ ու կրակոտ ելույթներով ունկնդիրների և ակնդիրների պակաս ունեն կամ կունենան մեր ժողովրդի մոտ: Սակայն երբ նայում ես, որ այդ ելույթ ունեցողներն իրենց պատռում են, թե գործ անող չկա, կամ գործ անողը վատ է անում այդ գործը` հարց է առաջանում, իսկ ո՞րն է այդ DJ-ների արած գործը, եթե ոչ միայն այդ բոցաշունչ ճառերը: Մյուս կողմից էլ նրանք ձգտում են ստանալ ընդդիմության  «նախագահի»  ու «կառավարության»  պաշտոնները: Մեկը լինի՝ այդ ազնվագույն ու անսխալական հեղափոխականներին բացատրի, որ այդ պաշտոնները ձեռք են բերվում մտքերի ու գործողությունների քաշով: Այլ տարբերակ չկա: Իսկ այն ջղաձգումները, որ կան այդ մարդկանց կողմից, լավագույն ապացույցն է, որ նրանք իրենցից քիչ բան են ներկայացնում որպես ընդդիմադիր: Այդ սուպերընդդիմադիրները և նրանցից «ամենաթունդն ու դուխովն» իբր ռեժիմն են քանդելու ու քանդում, բայց, չգիտես ինչու, հենց այդ նույն ռեժիմի կողմից սիրելի ու ընդունված դեմքն ու դեմքերն են: Եթե դու պայքարում ես ռեժիմի դեմ, ու ռեժիմը քեզ սիրում է, ուրեմն կամ ռեժիմը ռեժիմ չի, կամ դու իրականում չես պայքարում, այսինքն` դու դու չես: Պայքարում եմ Պողոսի դեմ, բայց մեկ օր, մեկ ամիս, մեկ տարի, տարիներ շարունակ ամեն խոսքիս թիրախը Պողոսի դեմ պայքարողն է: Ընդդիմության դեմ պայքարելով՝ ընդդիմադիրի ռեալ միավորներ չես հավաքի, որքան էլ ընդդիմությունդ լինի սխալական... Իսկ թե որն է իրական նպատակդ, գոնե ինձ համար ակնհայտ է ու պարզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել