Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները, կողմերի միջև օրեցօր աճող լարվածությունն անձնական վիրավորանքների էր գնում, ու ժողովրդին տանելու էր արյունահեղության:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, թե ի պատիվ երկու կողմերի ղեկավարների՝ հնարավոր եղավ  ճիշտ գնահատել իրավիճակը:

«Այո, վատագույնից խուսափել ենք, ու հարցերը մնում են չլուծված, և քանի դեռ այդպես է, մենք բոլորս ենք պարտվել, պետք չէ պարտվող ու հաղթող գտնել»,-ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ նման վիճակից առաջացած միակ ելքը սահմանադրական բարեփոխումներն են: Նա նշեց, որ կառավարման ու ընտրական համակարգերը, որ փոխկապակցված են, պետք է փոխվեն, ու ժողովրդավարություն հաստատվի:

«Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիք ծնողը գործող համակարգն է, պետք չէ անձնավորել դա, չարիք է, քանի որ ով համակարգի մեջ է, պաշտպանված է, իսկ ով համակարգի մեջ չէ, զրկված է ամեն ինչից: Այս դրվածքը փոխելն է դարձել այսօրվա խնդիրը»,-նշեց ՀՅԴ պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել