Tert.am-ը գրում է․

Tert.am-ին հասած տեղեկությունների համաձայնԵվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գալիք քաղաքական համաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 2-ին և 3-ին` Բրյուսելում, քննարկման է ներկայացված նաև  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:

Ըստ մեր տեղեկությունների` այդ բանաձևը ներկայացվել է ԵԺԿ անդամ հայկական  3 կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի կողմից: Թեև բանաձևի տեքստն այս պահին մեզ հասանելի չէ, սակայն լուրը հաստատելու համար կապվեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, ով հաստատեց այն:

«Դեռևս հունվար ամսին Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայոց ցեղասպանության հետ կապված ներկայացրել էր ԵԺԿ-ին առանձին բանաձև, և ՀՀԿ-ն էլ իր բանաձևն էր մշակել, և մեզ  հաջողվեց  գալ ընդհանուր հայտարարի: Արդյունքում ԵԺԿ քաղաքական համաժողովը որոշեց, որ հարցի քննարկումը հետաձգենք մինչև մարտ ամիս, որպեսզի այն լինի ավելի ակտուալ և հայաստանյան 3 քաղաքական ուժերը իրենց ասելիքն ասեն այս կապակցությամբ»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ընթացքում իրենք արդյունավետ աշխատել են իրենց  գործընկերների ` ՕԵԿ-ի, ու «Ժառանգության» հետ: «Մենք հաջողեցինք միասնական բանաձև ներկայացնել, որն իր մեջ ընդգրկում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված բոլոր խնդիրները` ճանաչում- դատապարտումից, մինչև Թուրքիային համապատասխան քաղաքական միջոցառումներ իրականացնելու պահանջները»,- ասաց նա և նշեց, որ դեռ վաղ է խոսել, թե ինչպիսի վերջնական տեսք կունենա բանաձևը, քանի որ համաժողովը դեռ պետք է քննարկի այն, և որոշակի փոփոխություններ կլինեն նախագծում: Նա նշեց, որ քվեարկությունը նախատեսված է մարտի 3-ին:

«Հայկական երեք կուսակցություններն այստեղ միասնական դիրքորոշում ցուցաբերեցին և անկախ առկա տարաձայնություններից` կարողացան միահամուռ կերպով ներկայացնել ազգային և պետական իղձերի կատարմանը, նպատակներին հասնելուն ուղղված այս եվրոպական քաղաքական  կարևորության փաստաթուղթը: Հուսանք, որ ԵԺԿ քաղաքական համաժողովը իր դրական քվեարկությամբ այս լուրջ քաղաքական ակտը կընդունի»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել