ՄԱՔՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ
Այդ օրը կարող ես ունենալ ամենաբարձր զգացումները, կարող ես ծփալ սիրո և արևի մեջ, բայց գիշերը արթնանում է ենթագիտակցությունը և վեր է հանում իր մեջ պահված մութ շերտերը, անմխիթար սիմվոլները… Դրանք կարծես ասում են – որքա~ն բան կա մաքրելու, որքա~ն ճանապարհ կա կտրելու…
Երեկ սիրտս կանչում էր – լինել ԱՎԵԼԻ, ինքն իրեն ԳԵՐԱԶԱՆՑԵԼ…Բայց ենթագիտակցության ավգյան ախոռները… Այդպես էլ եղել է դարերի մեջ – անհատը ապրել է իշխանության, խեղճության, ագահության, աղքատության դերերը, էգոյի մյուս դերերը, առանց իրական ազատության ու առատության ազդակների – և այս ապրած դերերը դարձել են էներգետիկ գրանցում, գրվել են ժառանգական նյութի` ԴՆԹ-ի նյութական և նուրբ–էներգետիկ պարույրներում և փոխանցվել են հաջորդ սերունդներին: Եվ երբ այսօր անհատը ուզում է լինել ԱՎԵԼԻ, լինել ՄԱՐԴ` ենթագիտակցությունը հիշեցնում է` պետք է մաքրվե~լ…
Եվ ահա` այս ժամանակներում, երբ երևում է Նոր Կյանքի տեսիլքը, պատմության ճանապարհներին կանգնած հոգնած ազգերը մտածում են`ի՞նչ անել… Կա միայն մի Ճշմարտություն – ԻՆՔՆ ԻՐԵՆ ԱԶԱՏԱԳՐՈՂ, ինքն իրեն նորոգող անհատը կարող է դառնալ մաքրման կենտրոն, ազատության կիզակետ... 
Անհատներից է սկսում ազգերի և մարդկության վերածնությունը:
Դե ինչ, ընթերցողս, գուցե քո սրտի արթնացումով ու ինքնապայծառուցումով պետք է սկսվի մեր հոգնած ազգի Նոր Կյանքը: Այս պայծառ ու աստղավառ գիշերին քեզ հաղթանակ եմ մաղթում: Եվ, իհարկե, ինքս ինձ նույնպես հաղթանակ եմ մաղթում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել