Կուսակցությունները վարկաբեկված են, սակայն ըստ սահմանադրության՝ կուսակցություններն են մասնակցում ընտրություններին, և այդ փաստի դեմ ոչինչ անել հնարավոր չէ:

Դրա համար անհրաժեշտ է կուսակցությունների մասին օրենքում կատարել մի քանի կարևոր փոփոխություններին, բայց քանի որ գործող իշխանությունը նման փոփոխությունների երբեք չի գնա, դրա համար այն կուսակցությունները, որոնք իրենց համարում են ընդդիմադիր և հավակնում են հանրային վստահություն ունենալ, պետք է ինքնակամ փոփոխություններ կատարեն իրենց կանոնադրությունների մեջ, մինչև հետագայում, հնարավորության դեպքում, այդ փոփոխությունները կատարեն օրենքի մեջ: 

Առանց այդ փոփոխությունների ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չպետք է հանրության կողմից համարվի ընդդիմադիր և ստանա հանրային աջակցություն:

Հիմնական փոփոխությունները սրանք են.
-խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածուների ցուցակները կազմվում են կուսակցական հանրագումարների ժամանակ փակ, գաղտնի ընտրությունների ընցացքում: Ընտրական հանձնաժողովները քվեները հաշվում են լրագրողների ներկայությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ լուսաբանելով: Ցուցակների հերթականությունը պետք է լինի ռեյտինգային,
-նախագահի ընտրությունների թեկնածուն նման եղանակով է ընտրվում, առնվազն երեք թեկնածուների առկայության պայմաններով: Յուրաքանչյուր տեղական կառույց պետք է ներկայացնի իր կողմից պաշտպանվող թեկնածուին,
-կուսակցության ղեկավարը չի կարող մեկ ժամկետից ավել լինել կուսակցության նախագահ: Նախագահը պետք է ընտրվի յուրաքանչյուր ոչ ավել, քան երկու տարի ժամկետով,
-գաղտնի ժողովները և համագումարները պետք է արգելվեն:
Կարևոր որոշումները պետք է քննարկվեն և ընդունվեն նույն մեխանիզմներով, ինչպես ընտրվում են նախընտրական ցուցակները:
-Խորհրդարանում իշխանության գալուց հետո նախարարների և կարևորագույն ծառայությունների ղեկավարների թեկնածությունները նույնպես ընտրվում և քվեարկվում են կուսակցական համագումարի ժամանակ նույն կերպ, ինչպես կազմվում են նախընտրական ցուցակները:

Այս կետերը կարելի է շարունակել, սակայն վերը նշված կետերն արդեն բավական են, որ կուսակցությունները չվերածվեն մեկ անձի կամ մեկ խմբակի գործիքի՝ ինչպես ընդդիմություն եղած ժամանակ, այնպես էլ իշխանության գալուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել