Ինչ–որ բան գովազդելու նպատակով կերպարների ստեղծումը և դրանց օգտագործումը փիառում ամենագործածվող հնարքներից է: Ընդ որում, կերպարը կարելի է օգտագործել թե պիցցա գովազդելիս և թե պատգամավորի նախընտրական արշավում: Դիցուք` որևէ երգչուհի ունի հայրենասերի կերպար: Նա ստեղծել է այդ կերպարը տարիների ընթացքում և բազմիցս օգտագործել է այն` փող վաստակելու նպատակով, ասենք, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում համերգասրահներ լցնելով: Վա՞տ է դա, թե՞ լավ` դժվար է ասել: Ժողովուրդը հակված է հավատալ նրան, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Եթե հեռուստատեսությամբ տարբեր առիթներով երգչուհին հուզմունքից դողդոջուն ձայնով ասում է «իմ Հայաստան» կամ «Ես հպարտ եմ, որ հայ եմ», դա դեռ չի նշանակում, որ նա հայրենասեր է, դեռ ավելին` դա կարող է հակառակի ապացույցը դառնալ:

Նախընտրական ժամանակահատվածում մասնագետների կողմից մանրամասն ընտրվում են բոլոր այն մտավորականները, ովքեր կարող են իրենց ստեղծած դրական կերպարն ինչ-որ կերպ տարածել, ասենք, հաստավիզ ու տգետ մի թեկնածուի վրա, որի քարոզչության օգտին կատարվում է աշխատանքը: Ամենևին մի զարմացեք, երբ տեսնեք՝ ճանաչված (միգուցե նաև սիրված) դերասանը Ձեզ հեռուստաէկրաններից համոզի ձայնը տալ ինչ-որ ապուշի՝ ասելով, թե այդ ապուշին ինքը ճանաչում է շատ վաղուց, և որ այդ ապուշն անսահման հայրենասիրության տեր մի անձնավորություն է: Ուղղակի միշտ պետք է հիշել, որ դերասանին այդ խոսքերի համար վճարել են: Վերոհիշյալ դերասանը խաղում է իր հերթական դերն ու դրա դիմաց ստանում է հոնորար, իսկ դուք, այդ դերի ազդեցության տակ քաղաքական ընտրություն կատարելով, ինքներդ եք հայտնվում բավականին հիմար վիճակում:

ԱՄՆ-ում ժամանակին հեռարձակվում էր մի սերիալ` «Դոկտոր Մարկուս Ուելբի», որի գլխավոր հերոսը շտապ օգնության կայանի բժիշկ էր, որը մեծ հոգատարությամբ և պրոֆեսիոնալիզմով բուժում էր բոլոր հիվանդներին: Սերիալը շատ ճանաչված էր և դիտվող: Այդ կերպարի դերակատարը` Ռոբերտ Յանգը, մամուլում զարմացել էր, որ ինչքան ապուշ պետք է լինեն մարդիկ, ովքեր իրեն` դերասանին, բժշկական հարցերով մոտ 200 000 նամակ են գրել: Համաձայնվեք, իրոք հիմար իրավիճակ է ստացվում. մարդիկ դերասանից ակնկալում են խորհուրդ ստամոքսի խոցի բուժման մասին:

Համաձայնվեք, ապուշության գագաթնակետն է ճանաչել դերասանին իր դերով: Ասենք՝ X դերասանը ժամանակին կատարել է Տիգրան Մեծ արքայի դերը, դա բոլորովին չի նշանակում, որ այդ դերասանը պատմական հողերը ետ է բերելու: Դա ոչինչ չի նշանակում: Չէ՞ որ բեմից դուրս` իրական կյանքում, դերասանը կարող է լինել սրիկա, դավաճան: Ինչո՞ւ, եթե, ասենք, որևէ «դզող-փչող», որը բարեխիղճ կատարում է իր աշխատանքը, ազդեցություն չունի ձեր կարծիքի վրա, իսկ դերասանն ունի: Մտածեք, ինչո՞ւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել