Tert.am-ը գրում է․

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխությունն այն բացառիկ օրենսդրական ակտերից է, որ խմբագրվում, սրբագրվում է կյանքի թելադրանքով՝ հանրային պահանջարկի կամ «հասարակական դիտողության» հիման վրա:

Այս մասին այսօր կառավարության ներկայացրած փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ, հիմնական զեկուցող Կամո Արեյանը:

Կամո Արեյանի հետ համաձայնեց նախագծի քննարկմանը ակտիվորեն մասնակցող «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ այս օրենքը ուղղակի պահանջարկված է, իսկ նախաձեռնությունն ավելի քան արդիական է:

Առհասարակ, օրենսդրական փաթեթին կից ներկայացված փաստաթղթերի շարքում ներկայացված է նաև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. այն է՝ Երևանի վարչական տարածքում առկա են մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ, և դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ, ինչը առաջացրել է բնակիչների արդարացված դժգոհությունը: Կամո Արեյանն ավելացրեց, որ  խնդիրը կարգավորելու խնդրանքով Երևանի քաղաքապետարան են ներկայացվել բազմաթիվ դիմում-բողոքներ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և այդ հաստատությունները բազմաբնակարան շենքերին, բնակելի տներին և դպրոցներին հարակից տարածքներից այլ վայրեր տեղափոխելու խնդրանքով:

Օրենսդրական փաթեթի նպատակն է ՝ կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել հոգեհանգստյան ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը, ինչպես նաև՝ տեղական տուրքը:  Բոլոր այդ կարգերը պետք է սահմանեն վարչական շրջանները, որոնք ևս պետք է այլևս արդեն թույլտվություն տան «սգո սերվիս» իրականացնող տնտեսվարողներին:

Կառավարությունն առաջարկում է կիրառել տուգանք՝ 0-500 հազար դրամի չափով՝ հոգեհանգստի ծառայություն մատուցելու թույլտվության չունենալու և նման ծառայություն կազմակերպելու համար։

Հենց այս խնդիրը առիթ դարձավ, որպեսզի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, հիշեցնելով, որ կա շատ կոպիտ ժողովրդական խոսք՝ «մեռել քերթող», հայտարարեց, թե քանի որ Հայաստանի ունևոր հատվածը հոգեհացը տալիս է ռեստորաններում, ապա հենց սոցիալապես վատ շերտերն են, որ օգտվում են նման սրահներից, որոնց տերերն էլ , այդ գումարները պետք է հանեն հենց «մեռելատերերից»։

Հարցադրումը շատ կոպիտ հնչեց Կամո Արեյանի համար, ով նկատեց, որ թույլտվության տեղական տուրքը որևէ մեկը չի պատրաստվում բարդել քաղաքացու վրա։

«Սա տրվող թույլատվության դիմաց է, դիտվում էր որպես տեղական բյուջեի լրացման աղբյուր և օրենքում չպետք է տուրքը բարդել քաղաքացու վրա: Նման ձևակերպում այս օրենքում չկա, չէր էլ կարող լինել: Սա, հակառակը, օգնում է կարգավորել պահանջարկի հետ կապված իրավահարաբերությունները»,ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Նա նկատեց, որ օրենքի նոր կարգավորումները գործում են կամավորության շրջանակում, այլ ոչ թե պարտադիր են, հետևաբար, քաղաքացին ունի ազատ կամարտահայտություն:

 «Կարող է օգտվել այդ ծառայությունից, իր ֆինանսական հնարավորությունների շրջանում տարբերակներից»,-նշեց փոխքաղաքապետը:

Նշենք, որ նախագծում ասվում է, որ հրաժեշտի ծիսակատարության իրականացումը  կազմակերպվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունը ստանձնած անձանց նախաձեռնությամբ և կարող է իրականացվել՝

1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում,

2) եկեղեցիներում,

3) այն շենքերում և շինություններում, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:

Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը:

Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ հոգեհանգստի ծառայության իրականացման և (կամ) մատուցման կարգը և դրանց իրականացման տեղակայման վայրերը սահմանված չեն, ինչի հետևանքով հնարավոր չէ կատարել համապատասխան հսկողություն տվյալ գործունեության տեսակի նկատմամբ:

Նույն հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզում բնակվող ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ, ով ողջունում է նախագիծը՝ նշելով, որ այս ոլորտը հրատապ կարգավորումների կարիք ունի, մտավախություն հայտնեց, թե հետագայում չլինի այնպես, որ պահանջարկը շատ լինի, նման ծառայությունների օբյեկտներն ու տեղերը սահմանափակ, և «ժողովրդի ասած՝ խելքից դուրս գներ չսահմանեն»:

 Նշենք, որ սգո ծառայությունների տեղակայման վայրերը և նշված ծառայություններին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն՝ «ելնելով տեղական պայմաններից՝ համայնքի առանձնահատկություններից և սովորույթներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել