Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող՝ կառավարման ճգնաժամի հաղթահարմանը վերաբերող նախագծի քննարկմանը բացատրեց, թե ինչու ընդդիմությունը 20 տարի է՝ իշխանափոխություն է խոստանում, բայց այդպես էլ իշխանափոխություն տեղի չի ունենում: 

Նա նկատեց, թե ինքը 20 տարի անձամբ է մասնակցել, մի դեպքում որպես լրագրող, մյուս դեպում՝ քաղաքականությամբ զբաղվող անձ:

«Իմ հետևությունը միանշանակ է՝ Հայաստանում քսան տարի չի լինի իշխանափոխություն, քանի որ Հայաստանում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն»,-ասաց նա և կետերով փորձեց բացատրել, թե ինչ է դա:

«Առաջին՝ մենք կոչում ենք դա ապագայի ծրագիր, այսինքն՝ ունենա հստակ ծրագիր, մարդկանց բացատրել, թե այսօրվա ահավոր, վատ, ծայրահեղ վատ վիճակը ինչպես պետք է փոխել, ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ է պետք ունենալ՝ հստակ, հասկանալի մինչև վերջին քաղաքացուն»,-ասաց նա: 

Երկրորդ կետն ըստ նրա այն է, որ սուպեր լիդերների ինստիտուտը պետք է փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտով:

«Ինչո՞ւ պետք է սուպերլիդերը իրավունք ունենա որոշում կայացնել 100 000-ավոր մարդկանց փոխարեն, դու ո՞վ ես, ի՞նչ ես, որ այդքանի տեղը որոշում ես, դու ցարի բո՞գ ես, ի՞նչ ես»,-ասաց նա և հստակեցրեց, թե իր բարձրացրած հարցը մեկ անձի չի վերաբերում:

«Սա նույնն է, թե քաղաքական լիդերից պահանջենք դուրս գալ հարթակ ու հազար կգ ծանրաձող բարձրացնել։ Ինչքան ուզում է ուժեղ լինի, խելացի, դա մի մարդու բան չի»,-ասաց նա և նշեց, թե չի ասում լիդեր չպետք է լինի, բայց «պետք է «առաջինը հավասարների մեջ» բանաձևով պետք է գործի»։

Փաշինյանը նկատեց, թե պետք է ընդդիմությունն ապագա ստվերային կառավարություն ունենա և ասի, օրինակ, այս ֆինանսների նախարարին ով է փոխարինելու:

Երրորդը կետը, ըստ նրա, այն է, որ պետք է ունենալ ինստիտուցիոնալ կառույցներ ամբողջ հանրապետություններով, որոնք կմասնակցեն քաղաքական պրոցեսներին, ընտրություններին բոլոր տեղամասերում՝ ունենալով գոնե մեկական վստահված անձ:

Փաշինյանին զարմացնում է, երբ հանկարծ ընդդիմությունը հիշում է, որ իշխանությունը բիրտ է, կոռումպացված. «Տնաշեններ, բա քսան տարի է՝ ասում ենք»:

«Երբ որ այդ բիրտ իշխանությունը եկավ և մեզ ասաց՝ պետք է դուրս գաս քաղաքականությունից, ատրճանակն էլ գլխներիս պահեց, եթե մենք չգիտեք՝ ինչ ենք անելու, այդ իշխանությունը ու այդ ատրճանակը ոնց ենք վերցնելու, ուրեմն մենք չունենք իրավունք՝ այս ժողովրդին ամեն անգամ տանել քարշ տալ հրապարակներով, վերջում էլ ասենք՝ իշխանությունը բիրտ է: Իշխանության մասին նորություն չենք կարող ասել, հիմա ժամանակն է ընդդիմության ձախողումների մասին խոսել»,-եզրափակեց նա՝ ընդգծելով, որ դա նաև իրեն է վերաբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել