Tert.am-ը գրում է․

Հանրապետությունում սուր շնչառական որևէ նոր վիրուս չի շրջանառվում, բայց գրիպի և շնչառական տարաբնույթ վիրուսների «սեզոն է»: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների հետ համեմատությամբ այս տարի որոշակի աշխուժացում կա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում, որ հիվանդանոցները լեփ-լեցուն են շնչառական վիրուսներով տառապող հիվանդներով:

«Սեզոնում ենք մենք գտնվում շնչառական վիրուսների և գրիպի առումով: Եվ այն, ինչ հիմա դիտվում է, շատ օրինաչափ է: Քանի որ գրիպն ու շնչառականը սեզոնային վարակներ են, կան շատ նպաստավոր պայմաններ, որպեսզի այդ վարակը տարածվի: Ինչո՞ւ, որովհետև բնության մեջ կա հարուցիչը, որ շրջանառվում է, մրսածության գործոնն էլ նպաստում է շնչառական վարակների առաջացմանը»,–ասաց նա։

Լիանա Թորոսյանը մանրամասնեց, որ Հայաստանում այժմ շրջանառվում են գրիպի a, b տեսակները, առաջին տեսակի  h1, h3 ենթատեսակները, ինչպես նաև շնչառական այլ պաթոգեններ, մետավիրուսներ, պնևմավիրուսներ և այլն:

Առողջապահության նախարարի հրամանով՝ ԱՆ հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնը օրական մոնիթորինգ է իրականացնում նախկին շաբաթականի փոխարեն, որպեսզի օրական կտրվածքով իրազեկ լինեն Հայաստանում իրավիճակին:

«Եվ եթե վերլուծում ենք արդեն առկա տվյալները, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քիչ դեպքեր են արձանագրված, քան այս տարի: Այլ խնդիր է ընթացիկ տարին շաբաթների առումով, որովհետև հունվարից մինչև այս շաբաթը որոշակի աշխուժացում դիտվել է, բայց նախորդ տարվա ընդհանուր կտրվածքով գրեթե 400-500 դեպքով պակաս է գրանցվել, քան նախորդ տարվա ընթացքում»,-ասաց Լիաննա Թորոսյանը:

Բժիշկը նկատեց, որ, այո, հիվանդանոցներում կան շնչառական վիրուսներով հոսպիտալացված հիվանդներ, հատկապես մանկական կոնտինգենտը:

Նա կոչ արեց բնակչությանը՝ չխաբվել նորմայից բարձր ջերմաստիճանին, ինչը ստիպում է, որ մարդիկ ավելի թեթև հագնվել. «Եկեք չմոռանանք, որ շնչառական վարակների հենց հիմքը համարվում է մրսածությունը, և ես կոչ եմ անում, որ ազգաբնակչությունը հագնվի եղանակին համարժեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել