Tert.am–ը գրում է.

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադը հայտարարություն է արել՝ արձագանքելով այսօր գիշերը Սիրիայի տարածքում թուրքական զորքերի իրականացրած գործողությանը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ն ասել է, որ եվրոպական և միջազգային հանրության դատին է հանձնում Թուրքիայի ագրեսիվ ակցիան, որ իրականացվել է Սիրիայի տարածքում: Ըստ Դամասկոսի՝ Թուրքիայի նման պահվածքը թույլ է  տալիս պնդել, որ այդ երկիրը ոտնահարում է Սիրիայի ինքնիշխանությունը:

Ըստ այդմ՝ Դամասկոսը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում իր հողը պաշտպանել, ինչպես նաև հարմար պահի պատշաճ ձևով այդ ագրեսիային պատասխանելու իրավունք:  

Այսօր գիշերը թուրքական բանակի 700 զինվորականներ  և զինատեխնիկայի մոտ 100 միավոր, այդ թվում՝  39 տանկ ներխուժել էին Սիրիայի տարածք՝ Եփրատ գետի կղզիներից մեկը: Այնտեղից տարհանվել էր Օսմանների դինաստիայի նախնիներից շահ Սուլեյմանի դամբարանը, այնտեղ պահվող արժեքավոր հնություններ և այդ ամենը հսկող թուրք զինվորականներին՝ հեռացնելով ամենը Իսլամական պետության զինյալներից:

Թուրքիայի և Ֆրանսիայի գաղութային իշխանությունների միջև 1921-ին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ թուրքական սրբավայրը պետք է մնա Սիրիայի տարածքում, սակայն Թուրքիան իրավունք ունի այնտեղ իր դրոշը բարձրացնել և պատվո պահակախումբ պահել:

Տարհանման գործողության ժամանակ թուրք զինվոր էր զոհվել: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երբ հարմար համարեն, դամբարանը կվերադարձնեն Սիրիայի տարածք:

Իրենց հերթին Սիրիայի իշխանությունները նկատել էին, որ Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող այդ տարածքներում քանդվում էին եկեղեցիներ, սուֆի մուսուլմանների դամբարաններ, սակայն թուրք շահ Սուլեյմանի դամբարանին ոչ ոք ձեռք չէր տալիս, ինչը մատնանշում է Թուրքիա - Իսլամական պետություն կապերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել