Tert.am–ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իսպանական Espacios Europeos պարբերականում հրապարակվել է իսպանահայ լրագրող, Իսպանիայի գրողների միության ֆեդերացիայի անդամ Արթուր Ղուկասյանի` «Հայոց ցեղասպանության հարյուր տարին» խորագրով հոդվածը, որը ներկայացնում ենք կրճատումներով:

«Վերջին հարյուր տարում հայ ժողովուրդն անխոնջ պայքարել է 20-րդ դարում տեղի ունեցած մեծագույն ողբերգության ճանաչման համար, որը  շարունակաբար ժխտում է թուրքական կառավարությունը:

 Իմ հայրենակիցներից մոտ երկու միլիոնը դաժանորեն սպանվեցին  իրենց տներում ու այգիներում, իրենց հայրենի հողում կամ անապատով անցնող երկար ու ձիգ ճանապարհին, որ նրանց ստիպում էին անցնել թուրքերը: Նրանք, ովքեր ծանոթ են պատմության այս էջերին, գիտեն, որ այդ մարդկանց «մեղքը»  միայն հայ և քրիստոնյա լինելն էր:  

 Սակայն գլխավոր պատճառը, որը բերեց բնաջնջման, միայն ազգային և կրոնական պատկանելությունը չէր:  Ինչպես երիտթուրքերը, այնպես էլ ժամանակի թուրք պաշտոնյաները  գիտեին  և շատ լավ հասկանում էին, որ հայերը բնակվում են իրենց հայրենի տարածքներում, և զանգվածային կոտորածների վերջնական նպատակը  1915-ին ցեղասպանության միջոցով  հայերին իրենց պապենական հայրենիքից զրկելն էր:

Մարդկության դեմ կատարված այս հրեշավոր հանցագործությունը  վերապրածներից բացի պատմությանը հայտնի են նաև  այլ անուններ, ովքեր գրել են ահավոր գործողությունների ու դրանց հետևանքների մասին: Նրանցից մեկը` Ստամբուլում այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն,  տեղի ունեցածը բնութագրել էր որպես «մի ողջ ազգի սպանություն», որն իր հուշագրերում ներկայացրել է որպես  ցնցող ու  ողբերգական:

 «Պանթուրքիզմը դարձավ կուռքի պես մի բան, և ոչ թուրքերի նկատմամբ կիրառեցին ամենադաժան միջոցները…»,- գրել է գերմանացի գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, ով  1915-ին ուսումնասիրություն էր կատարել այս թեմայով:

 Մինչ օրս ազգիս դաժան սպանության զոհերն աչքիս առաջ են, և դա ստիպում է ինձ` գլուխ խոնարհել  Ուրուգվայի առաջ` իսպանախոս երկրի, որը 1965-ին առաջինն է  ճանաչել  Հայոց ցեղասպանությունը:

Հազարավոր նահատակներ իմ աչքերով իրենց զգացմունքներն են արտահայտում Արգենտինայի ժողովրդի հանդեպ, որը խորհրդարանի մակարդակով նույն խիզախությունն ունեցավ` իրերն իրենց անունով կոչելու, և որտեղ սկսել են Ցեղասպանության թանգարան հիմնելու աշխատանքները: Նույն քաջությունը 8 տարի առաջ դրսևորեց Վենեսուելայի խորհրդարանը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:  

 Երախտագիտություն ենք հայտնում նաև Չիլիին, որը միացրեց իր ձայնը այն երկրների ձայնին, որոնք դատապարտել են Թուրքիայի կատարած հանցագործությունը:

 Բոլիվիացիները ևս  ցույց տվեցին իրենց կամքն, ու 2014-ին Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը քննադատող բանաձև  ընդունեցին: 

Իմ ներսում չեն լռում նախնիներիս ձայները, որոնք պահանջում են բարձրաձայն մաղթանքներ հղել Բասկերի երկրին, Կատալոնիային, Նավարային և Բալեարյան կղզիներին, որոնք, ընդունելով և դատապարտելով 1915-ի հայ ժողովրդի բնաջնջումը, օրինակ են ծառայում Իսպանիայի կառավարությանը, որ արդարացի գտնվեն և քանի դեռ չափազանց ուշ չէ` հարցնեն. «Ի՞նչ է պատահել այն միլիոնավոր մարդկանց անցյալ դարասկզբին, որտե՞ղ և ինչպե՞ս մահացան, ովքե՞ր են բնակվում այսօր այն վայրերում, որը ժամանակին պատկանում էր նրանց»:

Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Կանադա, Ռուսաստան, Լեհաստան… սրանք ևս այն երկրների ցանկում են, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և իրենց որոշումներով կոչ են անում ողջ աշխարհին` նույնն անել` թույլ չտալու, որ նման բան երբևէ կրկնվի, ինչի մասին  վկայում են  Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները»:

Վստահ եմ, որ կգա այն սպասված օրը ինձ և իմ հայրենակիցների համար, երբ ողջ մարդկությունը ինձ հետ միասին կհիշի Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին, ես հավատում եմ, առանց կասկածի և հույսով հավատում եմ, որ այդ պահը գալու է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել