Չնայած, որ ոչ քաշել եմ, ոչ օգտագործել, ոչ էլ պատրաստվում եմ, բայց ես էլ իմ հեղինակավոր կարծիքը հայտնեմ ու «քթիմազություն» անեմ հայկական նոր «Zangi» հավելվածի վերաբերյալ, որը եկել է փոխարինելու արդեն հայտնի Skype և Viber հավելվածներին և դրանց հայկական անալոգիան է։ 
Սկսենք նրանից, որ չեմ պատրաստվում քաշել մի հավելված, որը գրված է սխալ հայերենով. ոչ թե ԶԱՆԳԻ, այլ ԶԱՆԳԻՐ։ Դե լատինատառի մասին չեմ կարող ասել հնարավոր կլինե՞ր հայատառ գրել, թե ոչ։ Եթե հնարավոր կլիներ, բայց գրվել է լատինատառ` կրկնակի անգամ կհիասթափվեմ։
Եվ հետո, արդեն բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են մեր անձնական տվյալները, ինչ որ մարդկանց թեթև ձեռքով (պայմանական կոչենք AZERI XAKERNER) սավառնում համացանցում։ Մեղմ ասած հաճելի չի։ Ու ես հիմա երաշխիք չունեմ, թե այդ հավելվածի հետևում ովքեր են կանգնած, ու արդյո՞ք մի օր իմ խոսակցությունները չի հայտնվի վիրտուալ տիրույթում։ Հիմա կասեք Viber–ն ու Skype–ն էլ են գաղտնալսում։ Է ո՞վ չի գաղտնալսում։ Ամեն հեռախոսային խոսակցություն, այսպես, թե այնպես ձայնագրվում է։ Դա նորություն չէ։ Բայց մեկ բան է ձայնագրվել և դա օգտագործել ինչ–ինչ հանցագործություններ բացահայտելիս, մեկ այլ բան` լսելի դարձնել համացանցի լայն ու բազմաշերտ (Աստված տվել, չի խնայել) հասարակությանը։ 
Մի խոսքով, եկեք ես թույլատրեմ, որ ինձ գաղտնալսեն ՀԴԲ–ն ու ԿՀՎ–ն, բայց ոչ երբեք հայկական հավելվածը։ Դա իմ հույժ սուբյեկտիվ կարծիքն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել