Ինչու՞ է նավթի գների անկումը ծնկի բերում առաջին հայացքից հարուստ թվացող երկրներին: Չէ՞ որ ասենք նույն Սդրբեջանը կամ Ռուսաստանը բավական մեծ ռեզերվ էին հավաքել, երբ նավթի գները դեռ բարձր էին: Խնդիրը նրանում է, որ այդ երկրներում կորցնում են իրականության զգացումը: Օրինակ, Ադրբեջանում այդ հսկայական փողերը երկար տարիներ ուղղակի մսխվում էին անիմաստ ծրագրերի ու շքեղ շինարարության վրա (մեր բախտը կարծես այս դեպքում բերել է): Իսկ ինչու՞ Իրանի Իսլամական հանրապետությունը, որն արդեն երկար տարիներ գտնվում է պատժամիջոցների բեռի տակ, չի իջնում ծնկի, սոցիալական բունտ չի հասունանում, ժողովուրդն էլ վատ չի ապրում` համեմատած տարածաշրջանի մյուս երկրների: Պարզապես այնտեղի ղեկավարությունը նավթադոլարները ներդրել է տեղական արտադրությունը զարգացնելու հիրավի հայրենանվեր գործի մեջ: Բառացիորեն ամեն ինչ` սկսած մեքենաներից ու ծանր տեխնիկայից, վերջացրած ներքնազգեստերով ու գուլպաներով արտադրվում է Իրանում: Հետևաբար այնտեղ կարողանում են զսպել գնաճը, ունեն տարբեր մեխանիզմներ` տնտեսական անկում թույլ չտալու համար: Ով որ եղել է այնտեղ, կփաստի, որ տարածաշրջանում ամենացածր գներն Իրանում են: Իսկ Բաքվում կարծում էին, որ նավթը հավերժ է, գինն էլ միշտ բարձր: Փաստորեն Ադրբեջանի հզոր տնտեսությունը լոկ օճառի պղպջակ է, որը շատ է կախված արտաքին գործոններից: Ի դեպ, այս ամենից պետք է առաջին հերթին մենք դաս քաղենք: Ճիշտ է նավթ չունենք, բայց, կարծում եմ, ունենք ռեսուրս` տեղական արդյունաբերությունը զարգացնելու համար: Դա վաղուց էր պետք անել, որ ռուսական ռուբլու տատանումները ճակատագրական չլինեին ցանկացած հայաստանցու համար: Ի վերջո, ինչպես ասում են, ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորության սկիզբ է: Մնում է միայն սպասել ու տեսնել, արդյո՞ք մենք դա կհասկանանք, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել