Ինչպես գիտենք, օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը մեծ արձագանք ունեցավ մամուլում: 
Այս մասով բազմաթիվ քննարկումներ էին ծավալվել թե քաղաքական հարթակներում և թե առհասարակ հանրության որոշակի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն իր «Սրտի պարտքը» վերնագրով հոդվածում «խառնակիչների խմբակ» որակումն էր տվել ԲՀԿ որոշակի շրջանակներին:

Այս մասով կարծիք է հայտնել ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: Այսօր tert.am-ի լրագրողի այն հարցին, թե կիսում է այն մոտեցումը, որ ԲՀԿ-ին, այսպես ասած, դաշույնի հարված հասցրեցին ՀԱԿ-ից, Ուրիխանյանը պատասխանել է.

«Ես արդեն իսկ հայտնել եմ, որ այդ հարցի հետ կապված ոչ միանշանակ վերաբերմունք ունեմ: Եվ ըստ իս, այլևս որևէ բան էական չէ, բացի մեկ բանից, որ անհրաժեշտ է շարունակել մոբիլիզացնել այն ուժերը, որ դեռ հնարավոր է՝ մնացած լինեն, մարդկանց, որոնք դեռ մնացել են և որոնք կաշխատեն հանուն համոզմունքի: Ինձ, անկեղծ ասած, որևէ այլ բան չի էլ հետաքրքրում այս պարագայում»:

Եթե ամփոփենք առաջին նախագահի վերջին հայտարարությունները, ապա կարելի է եզրակացնել, որ քաղաքական մայրամուտի պատրաստվող Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի անհաջողությունների մեջ մեղադրում է պրոքոչարյանական թևին և ցույց է տալիս իր շնորհակալական կեցվածքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:

Ինչևէ, առջևում ներքաղաքական նոր վերադասավորումներն են: Դժվար չէ ենթադրելը, որ քաղաքական դաշտը թևակոխում է նոր փուլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել