Առաջին անգամ ֆիլմը դիտելիս ինչ-որ բան ծանոթ թվաց, ու միանգամից հիշեցի Լարրի Քլարկի մեկ այլ ֆիլմը` «Детки»: Ի դեպ, Լարրի Քլարկն իր այս ֆիլմի մասին ասել է, որ «Детки»-ի երեխաները «Кен Парк»-ում հանդիպում են իրենց ծնողներին: Երկու ֆիլմերում էլ Քլարկն իր ռեժիսուրայով կարողացել է հասանելի դարձնել իր ասելիքի ձևն ու բովանդակությունը:

Կեն Պարկը, ինչպես պարզվում է, ոչ թե հասարակական վայր է` այգի, այլ մի կյաժ ու պեպենոտ տղայի անուն, ով գալիս է սքեյթբորդի հրապարակ, հարմարավետ տեղավորվում է, հանում ատրճանակը, տանում գլխի մոտ և ուղեղը ցաքուցրիվ անում: Ահա այսպիսի սկիզբ:

Դե իսկ հետո հանդիսատեսին հնարավորություն է տրվում հետևել Կալիֆորնիա նահանգի մի փոքրիկ քաղաքի բնակիչների կյանքին, որոնց շրջապատում ապրում էր այդ նույն Կեն Պարկը: Ավելի ճիշտ` հանդիսատեսը հետևում է նրա ընկերների կյանքին:

Շատ դժվար է նկարագրել ֆիլմի սյուժեն. այն պարզապես չկա: Հանդիսատեսին ուղղակի հնարավորություն է ընձեռնվում մուտք գործել 4 ընտանիք: Ու եթե անկեղծ, ապա հասկանալու համար, թե դրանցում ինչեր են կատարվում, պետք է ունենալ բավականին այլայլված երևակայություն: Կարիք չկա նկարագրել, թե ինչ է կատարվում ֆիլմում. եթե ցանկանաք` կարող եք այն դիտել: Եթե նախկինում այս կարգի ֆիլմերում հիմնականում հանդիպել էի նրան, թե ինչեր են անում երիտասարդ տղաներն ու աղջիկները, ապա այս ֆիլմի շնորհիվ հնարավոր է հետևել, թե ինչերի են ընդունակ նաև նրանց ծնողները:

Ֆիլմը չի կարելի գեղեցիկ անվանել` թեկուզ նրա շշմեցնող ռեալիստականության համար. այս ֆիլմի դիտումից դուք ոչ մի էսթետիկ հաճույք չեք ստանա: Ռեժիսորի մտահղացումը հասկանալի է` ցույց տալ երեխաների ու մեծահասակների կյանքի ամբողջ կեղտը, խելահեղությունն ու գաղջը: Ահա այսպիսի միջավայր. խելագարության հասցնող հարբեցողություն, թմրանյութեր, խմբակային սեքս, դատարկություն ու ատելություն: Մեծահասակները, որոնց տեսնում ենք ֆիլմում, կարծես չեն նկատում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը և անձամբ իրենց հետ: Դա նկատում են միայն երեխաները և փորձում են այդ ամենը հաղթահարել իրենց հասանելի բոլոր միջոցներով:

Յուրաքանչյուրն ունի ընտրության հնարավորություն, բայց երբեք պետք չէ կրկնել Կեն Պարկ անունով տղայի ընտրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել