Tert.am-ը գրում է․

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը:

Ինչպես հայտնում են ԼՂՀ արտգործնախարարությունից՝ իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը  ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ԱՄՆ միջնորդական ջանքերը: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է ԼՂՀ և ԱՄՆ հարաբերությունների հիմնական ուղղություններին, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանը և Արցախին տրամադրվող ամենամյա օգնությանը:

Միջոցառման  բանախոսներ ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը,  Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը իրենց ելույթում անդրադարձել են Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հետ կապված հարցերին։

Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել