Հոգնելով այս անիմաստ քաղաքական գզվրտոցից՝ որոշեցի բարի բաներից խոսել։ 6-7 տարի առաջ, մեկ տարի շարունակ, նշվեց հայկական ջազի 70-ամյակը։ Ի դեպ, հենց այդ տարի շատ հայ պատանիներ և երիտասարդներ իմացան, որ, հայկական էստրադայից բացի, գոյություն ունեն նաև Ալ Ջերո և Ջորջ Բենսոն, Չիկ Կորեա և Շակատակ, Նինո Կատամաձե և Տաթևիկ Հովհաննիսյան։ Ասեմ թե ինչու հիշեցի այս ամենը։ 2016թ Երևանի Կամերային թատրոնը փաստացի դառնում է 40 տարեկան (ֆորմալ առումով թատրոնը բացվել է ավելի ուշ, բայց «Տղամարդկանց ակումբը», որը հետագայում դարձավ Կամերային թատրոն, ստեղծվեց 1976թ)։ Երեկ անցնում էի մատենադարանի մոտով և մտքովս անցավ մի միտք` ինչ հավես կլինի, եթե մյուս տարի կարողանան աշխարի տարբեր ծայրերից Հայաստան գալ Բորիս Լիվշիցը, Միխայիլ Ավակիմովը, Արտաշես Քարթալյանը և, իհարկե, այստեղ միանան Հրանտ Թոխատյանին, Միքայել Պողոսյանին, Գեորգի Ամիրաղյանին (ինչպես կասեր Ֆորշը, թող ներեն ինձ բոլոր այն տղերքը, ում անունները ես չտվեցի)։
Համոզված եմ, եթե Արա Երնջակյանը վերոնշյալ կազմով վերականգնի «Էտյուդ կանանց մասին», «Երևանյան օրերի խնոնիկա», «Հայք», «Նազար», Ներոն», «Обыкновенный концарт», «Կաբարե» և գլուխգործոց «Господа все рушится, но еще можно жить и веселиться» ներկայացումները, ապա հավատացեք, որ 70-80-ների սերնդի այն ներկայացուցիչները, ովքեր այսօր կյանքի բերումով գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում, կգերակատարեն «Արի տուն» ծրագիրը։ Կարծում եմ, որ շատ լուրջ բիզնեսմեններ, ովքեր ժամանակին այդ ներկայացումները դիտել են տարբեր դահլիճներում` գրողների միության տանը, երգչախմբային միության տանը, կամերային թատրոնում, մեծ հաճույքով կաջակցեն այս պրոեկտին, որովհետև բոլորն են ուզում վերադառնալ իրենց ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել