Tert.am-ը գրում է․

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին քաղաքական զարգացումների ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մասին քաղաքագիտական վերլուծությունը՝ «Սրտիս պարտքը»  հոդվածը, Tert.am-ի հետ զրույցում համարեց ինքնարադարացում և հրաժեշտ՝ Գագիկ Ծառուկյանին:

-Պարո՛ն Սաֆարյան, ի՞նչ տպավորություն ստացաք Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին քաղաքական զարգացումների ու ԲՀԿ նախագահի մասին քաղաքագիտական վերլուծությունից, որում պատմաբանասերին բնորոշ  արձանագրումներին զուգահեռ՝ նաև դրվատանքի խոսքեր էին բուրժուաոդեմոկրատիայի այն ներկայացուցիչների մասին, ովքեր փորձեցին, իր գնահատմամբ, պայքարել համակարգի ներսում:

-Իմ առաջին տպավորությամբ՝ դա ինքնարդարացում էր, թե ինչո՞ւ այդպես ստացվեց: Տեր –Պետրոսյանը ուզում է ասել, որ ինքը մեղավոր չէ, մեղավորը ԲՀԿ-ի ներսում ինչ-որ մի թև է, որ սպասարկում է այլ կենտրոնի և մեղավոր է Գագիկ Ծառուկյանը՝ իր փոքր քաղաքական փորձառությամբ: Սա նաև կարելի համարել ինչ-որ տեղ փոքրիկ ցտեսություն՝Գագիկ Ծառուկյանին, շնորհակալություն համագործակցության համար...

-Նաև՝ ամրագրում, որ այն ավարտված է, ինչպես նաև ավարտված է Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան:

-Այո, Տեր-Պետրոսյանը ուզում է հասկացնել, որ դժգոհ չէ համագործակցությունից: Սա նաև արդարացում է հանրության առջև. Տեր-Պետրոսյանը, քանի որ միշտ հպարտացել է իր քաղաքագիտական վերլուծության ճշգրտությամբ, երբ հանրությանը ասում էր, որ Գագիկ Ծառուկյանը կգա, հիմա ուզում է ասել, որ չի սխալվել: Թեպետ իրականում մեծ սխալ է թույլ տվել, բայց հանրության համար էլ է ուզում հստակություն մտցնել, որ ոչ թե իր հաշվարկներ են սխալ, այլ թե ինչու այդպես ստացվեց: Եվ վերջապես, մի բան կա, որը նկատելի է. ակնհայտ է, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև վեճ է տեղի ունեցել, ինչ-որ մեղադրանքներ են հասցրել միմյանց, և քանի որ Տեր-Պետրոսյանը գիտեր, որ, այնուամենայնիվ, դա հրապարակայնացվելու է, փորձել էր իր տեսակետը կանխավ հայտնել: Եվ տեսեք՝ նա մեղադրում է ԲՀԿ-ի քոչարյանական թևին, որոնք, նրա կարծիքով, սպասարկում են այլ ծրագիր, և ակնհայտորեն հստակեցնում է նրան՝ սլաքն ուղղելով երկու կայքերի խմբագիրների ուղղությամբ՝ գիտենալով, որ որպես քարոզչամիջոցներ՝ այս ամենի գնահատականը տալու և գտնելու են դրա  մեղավորներին: Եվ, ահա, նա շտապում է իր վարկածը ներկայացնել, իր բացատրությունը տալ հանրությանը և սլաքը ուղղել դեպի նրանց:

-Լևոն Տեր-Պետրոսյանը պատմության այս էջը ուղղակի փակվա՞ծ համարեց:

-Այո:

-Ինչպե՞ս կգնահատեք Տեր-Պետրոսյանի զուգահեռ քայլը, երբ «հետաձգված»  նամակ գրեց Սերժ Սարգսյանին, առաջարկեց հանդիպել, ստեղծել Հայոց ցեղասպանության հռչակագրի  պահանջների վերաիմաստավորման նոր խումբ: Ես անգամ այլ քաղաքագիտական շրջանակներից առաջարկ լսեցի, որ Սերժ Սարգսյանը լավ կաներ՝ այդ հանձնաժողովի նախագահ նշանակեր Տեր-Պետրոսյանին:

- Նամակը տարօրինակ եմ համարում, որովհետև Տեր-Պետրոսյանը մի քանի  անգամ՝ տարեվերջյան հանրահավաքներում նշել է և դրանով, ի դեպ, Ծառուկյանին փորձել է նույնպես պարտադրել, որ Սերժ Սարգսյանից որևէ պահանջ չունենա, որևէ ժամանակ չկորցնի և դնի Սարգսյանին հեռացնելու խնդիրը: Այսինքն, մի կողմից ասում է, որ որևէ պահանջ պետք չէ ներկայացնել այս իշխանությանը, մյուս կողմից ռեժիմից ազատվել պատրաստվող Տեր-Պետրոսյանը  ոչ թե պահանջ  է ներկայացնում, այլ առաջարկ է անում ռեժիմին:

-Հանուն Հայոց ցեղասպանության կարևոր հարցերի:

- Չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանի համար դա կարևոր հարց է: Երբ նայում ենք լրատվամիջոցներում առկա գնահատականները, կարծես թե նրան մեղադրում են 30 արծաթով վաճառվելու մեջ: Նրանք այս քայլը համարում են դաշույնով հարված թիկունքից և բացահայտ մեղադրում են, որ Տեր-Պետրոսյանն ինքը Գագիկ Ծառուկյանին սկուտեղի վրա մատուցեց Սերժ Սարգսյանին: Որքանո՞վ են այդ գնահատականները տեղին, դա հետագայում պարզ կլինի, այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, որ Ծառուկյանի տապալումից հետո նա միանգամայն այլ դերի մեջ է մտնում ու այսպես ասեմ՝ կառուցողական առաջարկ է անում, որի անկեղծությունը հենց այդ պատճառով կասկածի տակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել