Tert.am-ը գրում է․

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում այսօր քննարկվել են շաբաթվա իրադարձությունները, համանախագահների այցը, ինչպես նաև՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը: Այս մասին այսօր նիստից հետո հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին՝ նա ասաց.«Երկուշաբթի կլինի խորհրդարանի նիստ, և դուք կիմանաք»:

Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ անդամներն իրենց կարծիքը չե՞ն փոխել Գագիկ Ծառուկյանի հարցում, նա ասաց.«Հանրապետականը իր կարծիքները չի փոխում և դրանք գիտակցված և կշռադատված է ընդունում: Գլխավոր սկզբունքն այն է,  որ խոշոր բիզնեսը պետք է առանձին լինի քաղաքականությունից, և կարծում եմ՝ դա ընդունելի է բոլորի համար»,-ասաց նա:

Հարցին, թե դա վերաբերու՞մ է, արդյոք, Հովիկ Աբրահամյանին, նա պատասխանեց, որ  Հովիկ Աբրահամյանն այնքան զբաղված է վարչապետի աշխատանքով,  որ որևէ բիզնես ղեկավարելու ժամանակ պրակտիկորեն  ունենալ չի կարող:  Նա հավելեց, որ պետք է տարբերել բաժնետեր, սեփականատեր լինելը և ուղղակիորեն բիզնեսով զբաղվելը:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ առաջիկա օրերի իրադարձությունները ցույց կտան՝ ինչպիսի գործողություններ կլինեն: «Կտեսնեք քայլեր, որոնցից կարող եք եզրակացություն անել»,-ասաց նա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի բիզնեսների  հարկային ստուգմանը՝ նա ասաց, որ դրանք ընթացքի մեջ են:Ինչ վերաբերում է հարցին, Գագիկ Ծառուկյան- Սերժ Սարգսյան հանդիպում թե տեղի  ունեցե՞լ է, նա ասաց.«Այն ամենը, ինչ-որ քննարկվել է, դա դուք տեսնում եք, դրա վերաբերյալ կա ԲՀԿ հայտարարությունը, և գալիք շաբաթվա ընթացքում խորհրդարանում քննարկումներ կլինեն: Հանդիպումներ եղել են, և համապատասխան գործընթացների մասին պայմանավորվածություններ են եղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել