Tert.am-ը գրում է․

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, քանի որ չի ուսումնասիրել ադրբեջանցի դիվերսանտների գործը, այդ իսկ պատճառով հրաժարվեց Tert.am-ին մեկնաբանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի կոչը՝ ուղղված պատկան մարմիններին, որ «չնայած սարսափելի հանցանքին, հումանիտար ժեստ անել»։

Թե որքանով է նման իրավական հարցին միջնորդությունը տեղին՝ Կարեն Անդրեասյանը նշեց. «Դիվերսանտները գտնվում են Լեռնային Ղարաբաղում, իսկ ԼՂՀ-ն առանձին սուբյեկտ է և առանձին պետություն, ուստի իրենց օմբուդսմենին պետք է հարցնել։ Ես երրորդ անձանց կարծիքներ չեմ մեկնաբանում»։


Ինչ վերաբերում է այն հարցին, թե երկակի ստանդարտներ չեն կիրառվում, երբ, օրինակ, սահմանագոտում կործանված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմիները թույլ չտրվեցին դուրս բերել և նույն հումանիտար ժեստի մասին կոչեր չեղան՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին, ՄԻ պաշտպանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը իհարկե պետք է սկզբունքային լինի և երկակի ստանդարտներով չառաջնորդվի որևէ դեպքում։ Իմ այս պատասխանը չի առաջարկվում կոնկրետ դեպքին, որովհետև կոնկրետ դեպքի մասով մեկնաբանություններ չեմ տալիս»։  

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Tert.am-ի հետ զրույցում երկակի  ստանդարտների մասին չցանկացավ խոսել, բայց կարծում է, որ հենց այնպես հանձնել դիվերսանտներին, մանավանդ, որ հայտնի է նրանց արած հանցագործությունները, անընդունելի է։ «Դա կարող է լինել ընդհանուր խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Եթե համաձայնագիր ստորագրվեր խաղաղության ինչ-ինչ պայմաններում, որի մեջ կարող էր մտնել նաև գերիների և այլնի հանձնումը, այդ դեպքում այո, բայց հենց այնպես, ուղղակի հանձնումը ես կարծում եմ կոռեկտ չէ»,- նշեց նա։ 


Իսկ թե ինչու կոչը չի ուղղվում հենց ԼՂՀ իշխանություններին, Իշխանյանը պատասխանեց, որ միջազգային պրակտիկայի համաձայն, հաճախ դիմում են ՀՀ իշխանություններին, որպեսզի իրենց ազդեցությունը գործեն Ղարաբաղի  իշխանությունների վրա այս կամ այն հարցերը լուծելու համար։ 

Իսկ հարցին, որ այն բանից հետո, երբ հայկական կողմը հստակեցրել է, որ հասցեատերը ԼՂՀ-ն է և նրանց էլ պետք է դիմել, արդյոք կլինի նման քայլ՝ նույն բարձր մակարդակով դիմեն ԼՂՀ իշխանություններին՝ Իշխանյանը պատասխանեց. «Առայժմ չեմ կարծում»։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Tert.am-ի հետ զրույցում Նուլանդի կոչը համարեց «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Կրեմլի ազդեցությունը պակասեցնելու փորձ» և հիշեցրեց ՌԴ արտգործնախարար Լավրովի նույնաբովանդակ հայտարարությունը, թե կմիջամտի հայկական կողմի հետ դիվերսանտ-գերիների վերադարձման համար, որից այդքան մեծ աղմուկ չեղավ։

Ըստ իրավապաշտպանի՝ ԼՂՀ-ում ընթացող դատական քննությամբ բացահայտվեց, որ ահաբեկչության մեջ մեղադրված այդ անձանցից առնվազն մեկը գոնե մասնակից է եղել Ադրբեջանում գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննությանը և դրա տեսանյութը կա։ «Եվ այս հարցի վերաբերյալ հետաքրքիր է, որ մինչ Նուլանդը՝ առաջինը հանդես եկավ Լավրովը։ Մեկ այլ բան է, որ Կրեմլն է հանդես գալիս միջնորդությամբ, որը կոնկրետ ինձ մոտ վստահություն չի ներշնչում, քանի որ Կրեմլը երկու կողմերին էլ զենք է վաճառում և տեսնում ենք, որ մի կողմից կոնֆլիկտային գոտում սպառազինությունների մրցավազքն է խթանում, մյուս կողմից՝  հանդես է գալիս մարդասիրական քայլ կատարելու կոչով։ Եվ այս պարագայում Նուլանդի քայլը ճիշտ էր, որ նախաձեռնությունը Կրեմլից  իր վրա վերցնի, որովհետև Մինսկի խմբի  ֆորմատում վտանգ կա, որ Պուտինը ցանկանում է նախաձեռնությունը վերցնել իր վրա՝ հաշվի առնելով իր ազդեցությունը Հայաստանի վրա և նաև մեծացող ազդեցությունն Ադրբեջանի վրա, և ինքը դառնա միակ որոշիչ ուժը»,- ասաց նա։

Սաքունցը նշեց, թե այսինքն՝ այստեղ կա երկու հոգու խնդիր և շատ մարդկային ճակատագրերի խնդիր բաժանարար գծում։ «Կարծում եմ, որ այդ առաջարկությունը պետք է  քննարկվի, բայց կարևոր է՝ ով է առաջարկում և ով է առաջարկությունով հանդես գալիս»,- ասաց նա։ 

Իրավապաշտպանը նկատեց, թե երբ Լավրովը նման հարց բարձրացրեց, ոչ ոք դա քննարկման առարկա չդարձրեց։ Մեր դիտարկմանը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր հարցին անդրադարձել, որ Լավրովը նման դիմում պետք է ԼՂՀ իշխանություններին ուղղի, Սաքունցը համաձայնվեց. «Այո՛, նախարարը շատ ճիշտ ասաց, որ հասցեատերը ԼՂՀ-ն է, կարևոր է դա։ Սա քաղաքական քայլն է, բայց խնդրի անթույլատրելիության մասին խոսք չգնաց, որևիցե մեկը քննադատաբար հանդես չեկավ։  Հիմա էլ ասում են Նուլանդը գնա ԼՂՀ իշխանություններին դիմի և նրանից պատասխան ուզի, բայց պետք է կարևորել, ով է  նախաձեռնությամբ  հանդես գալիս, միանշանակ է, որ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանը լինելով Մինսկի խմբի համանախագահ, իր վարքագծով չի կարող հանդես գալ վստահելի կողմը, որին կարելի է նախաձեռնող կողմ հանդիսանա»։

Հարցին, թե ինչու ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման համար նույն շեշտադրումով կոչեր չհնչեցին, Սաքունցը հակադարձեց, թե այդպես չէ. «Բավական լուրջ ճնշում եղել է Ադրբեջանի վրա և Ադրբեջանն իրեն խայտառակ ձևով է պահել, որը միջազգային ատյաններում արձանագրված է։ Արձանագրված է նաև, որ հրաշալի օպերացիա էր ուղղաթիռի անձնակազմի դիակների դուրս բերումը։ Կհիշե՞ք, դրա գնահատականը, որ կողմը տվեց. ռուսական կողմը ոչինչ չասաց և ԱՄՆ-ից ուղղակի նշեցին, որ հետևել են օպերացիային և արձանագրել, որ ոսկերչական ճշգրտությամբ և վարպետությամբ կատարված օպերացիա էր, դա շատ կարևոր հանգամանք է, իսկ այն, որ ադրբեջանական ալիևյան ռեժիմը ցույց տվեց իր ոչ մարդասիրական մոտեցումը, դա միանշանակ է, այնպես որ չպետք է մեկը մյուսի հետ շփոթել»։

Սաքունցը հիշեցրեց, թե դրանից հետո միայն Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց ադրբեջանական կողմի լարվածության համար պատասխանատվության մասին։

Ամեն դեպքում, Սաքունցը գտնում է, որ պետք է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման քաղաքական հարցից դուրս մարդասիրական խնդիրները տարանջատել։ ««Ակն ընդ ական» մոտեցումն ընդհանրապես չի նպաստում խաղաղ կարգավորմանը։ Դատապարտվել է, ճանաչվել է  մեղավոր, հիմա կդիմե՞ն Ղարաբաղին, ի՞նչ կորոշեն Ղարաբաղի իշխանությունները, իրենց որոշելիքն է»,- եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել