1988-1991 թթ. ֆրանսիացի լուսանկարիչ Դանիել Լեյնը լուսանկարել է 70 աֆրիկացի միապետերի, որոնց դինաստիաները կերտում էին Աֆրիկայի պատմությունը մինչև 20-րդ դարի կեսը։ Հարյուրավոր միապետերից Լեյնը կենտրոնացավ նրանց վրա, ովքեր շարունակում էին պահպանել ավանդույթն ու հոգևոր իշխանությունը, որը դժվարընկալելի է արևմտյան մտածելակերպի տեր մարդկանց համար։ Լեյնը հիշում է այն դժվարությունները, որոնց միջով ինքն անցել է միապետերին լուսանկարելու թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև էմոցիոնալ ու դիվանագիտական բանակցությունները, որոնք շատ դեպքերում հարկ էր լինում վարել։ Սուդանի պատերազմի պատճառով Լեյնը չկարողացավ լուսանկարել Շիլուկի արքային, որը Եգիպտոսում իշխող սևամորթների դինաստիաների ժառանգն էր։ Ոմանք, այդ թվում Սվազիլենդի արքան, հրաժարվեցին լուսանկարվել։ Յուրաքանչյուր լուսանկարին կից Լեյնը ներկայացնում է կարճ կենսագրությունը և տվյալ ցեղի ու նրա ավանդույթների մասին դիտարկումներ։ Նրա լուսանկարների գիրքը լույս ընծայվեց 2000 թ.-ին, և դրանում զետեղված գրառումներից շատերն արված էին ավելի քան 20 տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր երկրում տիրող իրավիճակը փոխվել է, իսկ այս ղեկավարներից ոմանք գուցե արդեն իսկի ողջ էլ չեն։

1. Ջոզեֆ Լանգանֆին (Բենին)

Աբոմի դինաստիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Լանգանֆինը հանդիսանում է Աբոմիների թագավորական ընտանիքների խորհրդի նախագահը։ Այս տիտղոսի շնորհիվ նա համարվում է Աբոմիի արքաների պաշտոնական ներկայացուցիչը։ Նա Գլելե արքայի թաղմանը ներկայացուցիչ էր. Գլելեն նրա նախապապն էր։

2. Օնի Իֆե (Նիգերիա)

1980 թ.-ին Սիյուվադեն դարձավ Իֆեի՝ հնագույն աֆրիկյան դինաստիաներից մեկի 15-րդ օնին (արքան)։ Ավելի վաղ՝ թագադրման ժամանակ, Օնին ստիպված էր վերցնել արդարադատության թուրը և մուտք գործել սեփական ամրոց՝ քայլելով զոոհաբերված կանանց ու տղամարդկանց չորացած արյամբ ներծծված գորգով։ Այսօր Օնին հարուստ բիզնեսմեն է, ով մի քանի մասնավոր սեփականություն ունի Անգլիայում ու Նիգերիայում։

3. Նգի Կամգա Ջոզեֆվ– Բանդջունի ֆոն  (Կամերուն)

Ֆոնը (արքա) համարձակ ու հզոր կենդանիների եղբայրն է։ Գիշերը նա կարող է վերածվել հովազի և որսով զբաղվել անտառում, վազել արևադարձային տափաստանով և ջուր խմել առվակներից։ Եթե որսորդը հովազին սպանում է, Բամիլեկե շրջանի ֆոներն սկսում են վախենալ։  Կամգա Ջոզեֆը նախկինում հանդիսանում էր գլխավոր ադմինիստրատոր, իսկ 1964 թ.-ին՝ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Ներկայումս նա հանդիսանում է Բանդջունի 13-րդ ֆոնը։ Իրեն նախորդողի հուղարկավորության օրը Բամիլեկեի երկու ղեկավար կանգնեցրին նրան շուկայում։ Սիսալյան կանեփից պատրաստված գլխազարդը գլխին՝ որպես ստորադասության նշան, նա գնաց  ավագանու՝ «տաֆո մերայի» մոտ։ Նա ինը ամիս ազնվականներից սովորեց ինչպես է պետք թագավորել։

4. Հալիդու Սալի – Բիբեմայի լամիդո (Կամերուն)

Հալիդու Սալին՝ Բիբեմայի 12-րդ լամիդոն (արքան), գահակալվեց 1958 թ.-ին։ Նա հանդիսանում է Այդո Սամբայի՝ Ադամավայի 42 արքաներից մեկի հետնորդը։ Վերջինս 18-րդ դարում պահել է Օսման դան Ֆոիդոյի Ջիհալի (սրբազան պատերազմի) դրոշը։

5. Օսեադեյդո Ադդո Դանկվա III – Ակրոպոնգ-Ակուապեմ  արքա (Գանա)

Օսեադեյդոն Լոնդոնի համալսարանի շրջանավարտ է, ով նախքան թագավոր դառնալն աշխատել է Գանայի ադմինիստրացիայի տնտեսական գծով խորհրդատուի պաշտոնում։ Ակրոպոնգի արքան վերջին 16 տարիներին զբաղեցնում է Ականի 7 գլխավոր կլաններից մեկի՝ Ակուպաեմ-Ասոնայի «սրբազան վայրը»։ Նրա աջ կողմում կանգնած է նրա ներկայացուցիչը՝ ձեռքին արքայական խորհրդանշանը՝ ցլի պատկերը։ Այս խորհրդանշանը վկայում է այն մասին, որ նրա արքայությունն ուժով է հիմնադրվել։ 

6. Աբուբաքար Սիդիկ – Սոկոտոյի սուլթան (Նիգերիա)

Այս լուսանկարը նկարվել է Սոկոտոյի սուլթանի մահից 15 օր առաջ։ Նա կառավարել է ավելի քան 50 տարի։ Հատուկ խորհրդի կողմից ընտրված նրա հետևորդի գահակալության ժամանակ կոնֆլիկտ է ծագել։ 2 թագավորական ընտանիք վիճարկում էին հետևորդի ընտրությունը, ինչի արդյունքում հարյուր զոհ եղավ։ Ըստ Նիգերիայի թերթերից մեկի՝ սուլթանի իշանությունն այնքան հզոր է, որ Նիգերիայի բնակիչների մեծ մասն ավելի շատ կցանկանար Նիգերիայի սուլթան լինել, քան թագավոր։ Աբուբաքար Սիդիկն այնքան հարուստ չէ, որքան երկրի մյուս իշխանները։ Նա օրը մոտ 200 000 դոլար էր աշխատում, սակայն իր աշխատավարձով նա պետք է ապահովեր 86 մարդուց բաղկացած իր շքախումբը և կերակրեր մոտ 150 թոռներին։   

7. Հապի IV – Բանայի արքա (Կամերուն)

Բանա թագավորությունն ի հայտ է եկել ողբերգությունների շրջանում։ 12-րդ դարի կեսին Բամիլեկեի մի քանի խմբեր բնակավայր հիմնեցին ներկայիս Բանայի տարածքի շրջակայքի գյուղակներում։ Ըստ առասպելի՝ գյուղի ղեկավարներից մեկին՝ Մֆենգեին, մեղադրեցին կախարդության մեջ։ Արդարանալու համար նա գլխատեց հարազատ մորը և նրա դիակը հանձնեց մասնագետների ուսումնասիրությանը։ Բանն այն  է, որ նրանց մոտ ընդունված էր համարել, որ կախարդությունը փոխանցվում է երեխային մոր արգանդից, սակայն նրա դեպքում դա չապացուցվեց։ Այդժամ Մֆենգեն պահանջեց գլխատել իրեն մեղադրանք ներկայացրած մարդկանց մայրերի գլուխները։ Նրա 4 որդիները տնետուն էի գնում՝ ամրոց ուղարկելով այդ մարդկանց կանանց ու մայրերին։ Նրանք, ովքեր չէին հնազանդվում, տեղում էին սպանվում։ Նրա հակառակորդները խուճապի մեջ ընկան և փախան, իսկ Մֆենգեն Բանայի թագավոր դարձավ։ 

8. Նաիյմի Կոկ Մաբիինթշ III – Կուբայի արքա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Նաիյմի Կոկո Մաբիինթշ III-ը 50 տարեկան է։ Նա արքա դարձավ 20 տարեկանում։ Իբրև աստվածային ուժով օժտված արարչագործի հետնորդի՝ արքային գերբնական կարողություններ են վերագրում։ Գերագույն դիրքի պատճառով նրա կենսագործունեությունն ու աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է որոշ կանոններով. նա իրավունք չունի նստել հողին ու չի կարող քայլել գյուղատնտեսական դաշտերով։ Խոհարարից բացի ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչպես է նա ուտում: Դեռ ավելին՝ նա երբեք ոչ մի տեղ չի ուղևորվում առանց իր խոհարարի ու նրա անձնական խոհանոցային պիտույքների։ Լեյնից երեք շաբաթ պահանջվեց, որպեսզի նա կարողանար արքայական հանդերձով (բվանթշի) լուսանկարեր արքային։ Սա կտորի հանդերձ է՝ կարված ուլունքահատիկներից ու կաուրիսներից (փոքրիկ խխունջներ, որոնք օգտագործվում են որպես փող), որը 72 կգ է կշռում։ Այս հանդերձը կրելուց առաջ երկու օր շարունակ արքան հոգեպես նախապատրաստվում է, իսկ հանդերձը հագնելու համար ավելի քան երկու ժամ է պահանջվում։ Հանդերձն այնքան ծանր է, ու դրա մեջ մարդ այնքան է շոգում, որ այն ուղղակի անհնար է մեկ ժամից ավել կրել։ Նախկին արքան իր ողջ պաշտոնավարման ընթացքում ընդամենը երեք անգամ է հագել այն։

9. Իգվե Քեննեթ Ննաջի Օնիեմաեկե Օրիզու III – Ննևիի արքա (Նիգերիա)

Երբ  Քեննեթ Ննաջին Նիգերիայի նախագահ դարձավ 1963 թ.-ին, նա ֆերմեր էր, իսկ նրա 10 կանայք նրան արդեն հասցրել էին 30 երեխա պարգևել։ Իբո երկրի Նիգեր գետից դեպի արևմուտք ընկած տարածքում է գտնվում Ննևին։ Սա հարուստ քաղաք է, որում մի քանի միլիոնատերեր կան։ 14-րդ դարում հիմնված այս թագավորությունը կազմված է 4 փոքր գյուղերից։ Երբ 15-րդ դարում պորտուգալացիները ժամանեցին այս ռեգիոն, ի հայտ եկան բազում քաղաք-պետություններ։ Ինչպես և Ննևայի դեպքում, այս քաղաքները հայտնվեցին ծաղկուն ստրկավաճառության արդյունքում։  Առևտրից ծնունդ առած այս քաղաքներում միայն առևտուրն էր եռում, և դրանց բնակիչները չէին հոգում Նիգերիայի դրոշի ներքո միավորված պետության ստեղծման մասին։ Էթնիկ ու կրոնական պատերազմներ սկսվեցին՝ հող հարթելով Բիաֆրայի պատերազմի համար։

10. Իսիենվերնո Ջեյմս Յոհա Իննեքս – Բենինի էկեգբիան (Նիգերիա)

79-ամյա Ջեյմս Իննեքսը նախկինում բիզնեսմեն էր։ 1962 թ.-ին Ակենզու արքան նրան թագավորական պահակախմբի հրամանատար նշանակեց։ «Ասակո նո սոկխիոնբա» (մրջյունները կծում են արքայի թշնամիներին). այսպես էին կոչում արքայական պահակախմբին, որը պատասխանատու էր արքայի անվտանգության համար։  Որոշ ծիսակարգերի ժամանակ նրանք շրջապատում են արքային այնպես, ասես մրջյուններ լինեն։

11. Էլ Հաջ Սեյդոու Նդջիմոլուխ Նդջոյա – Ֆումբանի ու Մֆոն Բամբունի սուլթան (Կամերուն)

80 տարի առաջ սուլթան Նդջոյան թագավորում էր ավելի քան 50 տարի։ 29 տարի առաջ նա ժառանգեց Բամունի հայտնի թագավորությունը՝ հիմնադրված 16-րդ դարում։ Նրան ընտրեց երկրի իմաստունների խորհուրդը։ Նա ընտրվեց իր հոր՝ սուլթան Նդջոիի 177 երեխաներից։ Նրա հայրը սրբերի շարքի դասված իշխան էր, ով 12 տարի շարունակ ստեղծում էր իր սեփական այբուբենը՝ կազմված 80 նշաններից։ Նա ցանկանում էր սովորեցնել մարդկանց գրել բամուներենով, որպեսզի հնարավոր լիներ այդ լեզվով գրի առնել թագավորության պատմությունը։ Այն ժամանակներում գերակա էր ոչ թե գրավոր խոսքը, այլ ժողովրդական բանահյուսությունը։ 1913 թ.-ին, երբ Կամերունը դեռ գերմանական գաղութ էր, սուլթան Նդջոյան գնեց իր սեփական տպագրատունը։  

12. Ագբոլի-Ագբո Դեդջլանի – Աբոմիի արքա (Բենին)

Նախկին ոստիկան Դեդջլանին 6 տարի սպասեց հրաժարական տալու համար, ապա շարունակեց թագադրման իր գաղտնի արարողությունները։ «Պաշտոնապես» Բենինում այլևս արքա չկա։ Սակայն 1989 թ.-ի սեպտեմբերի 30-ին Դեդջլանին հագավ իր արքայական կոշիկներն ու 54 տարեկանում դարձավ Աբոմիի արքա։ Լինելով միասեր՝ նա պարտավոր էր ևս երկու կնոջ հետ ամուսնանալ, ովքեր կզբաղվեին տնային  տենտեսությամբ։  Ըստ ավանդույթի՝ փողոց դուրս գալիս նա պարտադիր պետք է գտնվեր իր խորհրդանշանով հովանոցի տակ։ Նրա կողքին միշտ պետք է լինի իր կանանցից մեկը, ով պահում է թքամանը։ Արքան պարտավոր էր նաև ամենուրեք իր հետ վերցնել իր գայիսոնը։  Նա կամ ձեռքում էր պահում այն, կամ կախում էր ուսից։ Գայիսոնը շատ կարևոր էր համարվում։ Արքան իր քթին կրում էր մի արծաթե դետալ, որը նախատեսված էր նրան փոշուց պաշտպանելու համար։ Նա ժառանգել էր այն Գբենհանզին արքայից։

13. Գուդվիլ Զվելետինի – Զուլուի արքա (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Գուդվիլ Զվելետինի արքան հայտնի Շակայի՝ Զուլուի թագավորության հիմնադրի հետնորդն է։ 19-րդ դարի սկզբում Շական բանտու ժողովրդի աննշան կլանի պարագլուխն էր։ Համարելով, որ Զուլուի գոյատևումը կախված էր բացառապես նրա հպատակումից այլ կլաններին՝ Շական ողջ ռեգիոնը հրի ու սրի տվեց։ 1815-1828 թթ. նա բնաջնջեց բոլոր այն ցեղերին, որոնք ընդդիմանում էին իրեն։ Այս անհանգիստ ժամանակաշրջանն անվանում են Մֆեկան (ահաբեկչություն)։ Այն ուղեկցվում էր սովով ու բանտայի բնակչության մեծ մասի արտագաղթով։ Շակայի դաժանությունն առասպել դարձավ ժամանակի ընթացքում։

14. Էլ Հաջ Մամադոու Կաբիր Ուսման  – Էմիր Կացինա (Նիգերիա)

Էմիր Կացինան պոլոյի մեծ սիրահար է, և նրա ընտանիքը մեծ ավանդ ունեցավ Նիգերիայի բազում մրցաշարերում։ 12-րդ դարում Կացինան Հաուսայի գյուղ էր, որում իշխում էր Դառբավան՝ թագավորական դինաստիա՝ գաղթած մի մարզից, որի անունն արդեն կորսվել է պատմության քառուղիներում։ Դառբավայի արքաներից մեկը՝ Ջանզավան, ամուսնացավ Դաուրա արքայադստեր հետ, ով Հաուսայի մեկ այլ պետությունից էր։ Կացինայի թագուհին իր անունով կնքեց գյուղակը, որը հետագայում Լիբիայից եկողների համար կանգառ դարձավ տրանսսահարյան կոմերցիոն երթուղում։  

15. Սողոմոն Իգյուինոգխուդա – Օբա Էրեդիաուվա Բենինցի (Նիգերիա)

1979 թ. մարտի 23-ին Քեյմբրիջի համալսարանի շրջանավարտ Սողոմոն արքայազնը Բենինի օբա (արքա) հռչակվեց։ Նա դարձավ իր հոր՝ Ակենզուա II-ի հետևորդը՝ 13-րդ դարում  գործող դինաստիայի 38-րդ արքան։ «Կավճե մեծ փայտիկը կոտրված է». հենց այս փոխաբերությամբ ազդարարվեց Ակենզուայի մահը։

16. Ալիյու Մուստաֆա – Ադամավայի լամիդո (Նիգերիա)

Ժամանակին Ադաման, ում նաև Մոբիդո էին անվանում, լսեց, որ Օսման դան Ֆոդիբո անունով մեծն մարաբուտը (մահմեդականների առաջնորդը) ջիհադ (սրբազան պատերազմ)  հայտարարեց Գոբիրում ու Հաուսայի երկրում։ Ադամայի մահից հետո նրա հսկայական տարածքն անվանվեց Ադամավա։ Այսօր լամիդոն 60 երեխա ունի։ Նա հանդիսանում է Ահմադու Բելոյի անվան համալսարանի խորհրդականը։ Սա Աֆրիկայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն  է։

17. Օբա Ջոզեֆ Ադեկոլա Օբունոյե – Օվոյի օլովո (Նիգերիա)

600 տարի առաջ օլովոն (արքան) սիրահարվեց Օրենսեն անունով մի շատ գեղեցի աղջկա։ Ի դժբախտություն արքայի՝ նա աստվածուհի էր, ով չէր կարող ապրել մարդկանց հետ։ Նրան արգելված էր տեսնել, թե ինչպես են կանայք ջուր կրում, ցախը գցում գետնին և զբաղվում այլ կենցաղային գործերով։ Աստվածուհու հանդեպ տածած սերն այնքան ուժեղ էր, որ թագավորը ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։ Այդ սիրուց դրդված՝ նա խոստացավ աստվածուհուն, որ իր մյուս կանայք նրա ներկայությամբ ոչ մի նմանատիպ գործով չեն զբաղվի։ Նրանք ամուսնացան, սակայն մի քանի տարի անց արքայի մյուս կանայք սկսեցին խանդել արքային աստվածուհու հանդեպ։ Նրանք դիտավորյալ աստվածուհու առջև անում էին այն ամենը, ինչ նրանց արգելված էր անել։ Այս վերաբերմունքից դժգոհ աստվածուհին նզովեց ողջ թագավորությունը։ Աստվածուհին խոստացավ, որ Օվոյի բնակիչները կմեռնեն քաղցից կամ հիվանդություններից, եթե արքան ու նրա ենթականերն ամեն տարի իր պատվին տոնական ծիսակարգ չանցկացնեն։ Նա պատվիրեց, որ տոնահանդեսին բոլորը ներողություն խնդրեն իրենից և գովեն իրեն։ Նա պահանջեց նաև, որ իր պատվին մեկ տղամարդ ու մեկ կին զոհաբերեն։ Իտոգո անունը կրող այս ծիսակարգը շարունակվում է մինչ օրս, սակայն մարդկային զոհաբերությունները փոխարինվել են ոչխարների ու այծերի զոհաբերություններով։

18. Բոուբա Աբդուլայա – Ռեյ-Բոուբի սուլթան (Կամերուն)

Ռեյ-Բոուբի բաբան (սուլթան) իր իշխանության տակ ավելի քան 55 000 օբյեկտ ունի, իսկ նրա տարածքն այնքան մեծ է, որքան Բելգիան և Լյուքսեմբուրգը միասին վերցված (35 000 կմ²)։ Նրան չի կարելի լամիդո անվանել, քանի որ նա երբեք Սոկոտոյի վասալ չի եղել։ Բոուբա Աբադուլայան Կամերունյան ասամբլեայի պառլամենտի անդամ էր, սակայն նա ստիպված էր ամեն բան թողնել ու հրաժարվել ժամանակակից կյանքից՝ իր հոր ժառանգորդը դառնալու համար։ Նրա նախապապ Բոուբա Նդջիդդան ժամանել էր Մալիից 1799 թ.-ին իր ֆուլանցի զինվորների հետ միասին և որոշեց հաստատել Ադամավայի սահմանները Մայո-Ռեյ գետի եզրին։ Նա սպիտակ դրոշ, արծաթե թմբուկ, թուր ու թագավորական գաղտնիքներով լի զամբյուղ տեղադրեց ու կառուցեց ամրոց՝ շրջապատված 800 մետրանոց պարսպով։ Ներկայումս Բաբան հանդիսանում է թագավորության կենտրոնը։ Իր հարյուրավոր գործակալների շնորհիվ նա հսկայածավալ կարևոր տեղեկատվության է տիրապետում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել