Tert.am-ը գրում է․

Ներքաղաքական առճակատումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած Արագած Ախոյանը, «առնետավազք» տերմինն իր մասին գործածությամբ չի ընդունում, և ասում է, որ հստակ ձևակերպում է արել ու բացատրել, թե ինչու է գնացել այդ քայլին: ՀՅԴ-ի առաքելությունը նա դրական է գնահատում ու կոչ անում, որ ամեն մարդ Մասիսի գագաթից նայի Հայաստանին:

-Պարո՛ն Ախոյան, Գագիկ Ծառուկյանի առճակատման չգնալու որոշումը ճի՞շտ եք գնահատում:

- Չեմ ուզում գնահատական տալ, ես կարող եմ խոսել իմ որոշման մասին, որը գնահատում եմ շատ ճիշտ, քանի որ ես ունեմ ընտրազանգված,որը իմ բախտակիցն է, իմ ճակատագիրն ունի՝ որպես հայրենազրկված մարդկանց ժառանգ, և ում շահերը ես փորձելու եմ բարձրացնել և պահանջատեր լինել թուրքական իշխանություններից: Ես կարող եմ խոսել իմ մասին:

-Ուղղակի Ձեր դիմումից հետո, որտեղ ներկայացրել էիք ԲՀԿ-ն լքելու Ձեր շարժառիթները,  Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ Ձեզ համար գոնե վերջին 1,5 տարում պետք է որ գաղտնիք չլիներ «Բարգավաճի» քաղաքական կուրսը: Եթե չէիք կիսում, ուրեմն՝ ինչո՞ւ էիք մնացել:

-Իհարկե, քաղաքական կուրսին  թեթև  ծանոթ եմ եղել, թեև ինքս այդ քաղաքական քննարկումներին չեմ մասնակցել,և բազմիցս զգուշացրել եմ, որ եթե գնաք ծայրահեղ քայլերի, ես ծայրահեղ քայլերի գնացող չեմ:

-Այո՛, ես հիշում եմ, բազմիցս Ձեր հարցազրույցներում ասել եք, որ ես չեմ կարող ընդդիմադիր լինել:

-Ընդդիմադիր կարող եմ լինել, եթե դա առողջ է, եթե դա դուրս է գալիս սահմաններից, ուրեմն դա այլ բան է: Ընդդիմադիրն էլ է մերը, իշխանությունն էլ: Բոլորն էլ մերն են։

-Իսկ Դաշնակցության առաքելությունը, որ հաշտեցրեց Ծառուկյանին ու ՀՀԿ-ին, պետք է որ լավ գնահատեք:

-Դրական եմ  գնահատում, և բացի քաղաքականից այդ որոշումից նաև մարդկային էր, որովհետև, վերջիվերջո, բոլորս ապրում ենք այս փոքրիկ Հայաստանում և խորհուրդ կտամ, որ ցանկացած հայ գոնե մեկ անգամ Մասիս սարի գագաթից նայի մեր փոքրիկ հանրապետությանը:

-Դուք Ձեր այդ քայլը պայմանավորում եք քաղաքական որոշումներով, բայց տեսաք՝ մամուլում ինչ կոպիտ գնահատականներ եղան՝ առնետավազք, և այլն:

-Պիտակավորումները թող պահեն իրենց։ Քաղաքականության մեջ, եթե տվյալ անհատը, քաղաքական գործիչը հստակ ձևակերպում է իր որոշումը և  մամուլի հաղորդագրություն է տարածում, կարծում եմ, այդտեղ ոչ մի բան չկա, նմանատիպ պիտակավորման կարիք չկա: Ի՞նչ է նշանակում առնետավազք, ի՞նչ է մենք մի տեղից վեր ենք կացել, վազում ենք ուրիշ տեղ, ո՛չ: Ընդամենը ես մնում եմ որպես անկախ:

-Պարո՛ն Ախոյան, Ձեր նախկին գործընկերների հետ ինչպե՞ս եք հետայսու պատրաստվում շփվել:

-Շատ նորմալ, ի՞նչ է եղել:

-Նրանց հետ նույն շարքում եք նստելո՞ւ, թե՞ տեղափոխվելու եք:

-Քաղաքականությունը ամուսնալուծություն չէ,տարբեր բան է քաղաքականությունը: Սա ընդամենը մոտեցումների տարաձայնություն է: Մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի օգնենք մեր պետությանը, որպեսզի ճիշտ կայանա, իսկ ով ում կողքը կնստի՝ ի՞նչ տարբերություն, հո մեր տան աթոռները չե՞ն:

-Պարո՛ն Ախոյան, հիմա արդեն Ձեր նախկին կուսակցությունն է, բայց ի՞նչ եք կարծում, ո՞վ կարող է լինել կուսակցության առաջնորդ, տարբեր անուններ են տրվում:

-Չեմ կարող ասել, ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ի՞նչ է արդեն ղեկավար է փոխվում:

-Խոսակցություններ կան, որ կուսակցությունը կարող են գլխավորել Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Իշխան Զաքարյանը՝ ՎՊ նախագահը:

-Երբ կլինի օֆիցիալ, այն ժամանակ կմեկնաբանեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել