Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ն կռվում է ոչ թե իսլամի, այլ նրանց դեմ, ովքեր այլասերում են այդ կրոնը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Այդ մասին Օբաման հայտարարել է Վաշինգտոնում ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված գագաթաժողովի ընթացքում:

Խոսելով «Ալ- Կաիդայի» և «Իսլամական պետության» ղեկավարների մասին՝ նա հավելել է. «Նրանք ոչ թե կրոնական առաջնորդներ են, այլ ահաբեկիչներ»:

Օբաման նաև հերքել է ենթադրություններն այն մասին, թե իսլամն իբրև կրոն բռնության կոչ է անում:

«Ոչ մի կրոն ահաբեկչության համար պատասխանատու չէ: Մարդիկ են պատասխանատու բռնության ու ահաբեկչության համար»,-ասել է Օբաման՝ կրոնական առաջնորդներին կոչ անելով անել ավելին՝ հավատացյալների շարքերում ծայրահեղականների դեմ պայքարի համար:

ԻՊ-ն Իրաքի ու Սիրիայի տարածքում լայնածավալ հարձակման էր անցել անցյալ տարի՝ դառնալով 2014-ին միջազգային հանրության հիմնական խնդիրներից մեկը: Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ մոտ 30 հազար զինյալ է կռվում ծայրահեղականների կողմից խալիֆայություն հռչակված շրջաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել