Tert.am–ը գրում է.

Թուրքիայի մարդու իրավունքների տվյալներով` 2014 թվականին այդ երկրում տղամարդկանց բռնության հետևանքով 294 կին է մահացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber կայքը:

Նշվում է, որ Թուրքիայում յուրաքանչյուր 4 ժամում մեկ կին սեռական շահագործման է ենթարկվում կամ բռնության ենթարկվում: Այդ երկրում կանանց 38 տոկոսը կյանքի ընթացքում նվազագույնը մեկ անգամ ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում:

Ըստ կայքի` բռնության ենթարկված կանանց 89 տոկոսը որևէ պետական կառույցի բողոք չի ներկայացնում: 2014 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից բռնության է ենթարկվել 575 կին, որոնցից 282-ը բռնաբարության զոհ է դարձել: Վերջին 15 տարում սեռական շահագործման համար այդ երկրում քրեական գործեր են հարուցվել 241 ոստիկանի, 91 զինվորականի, 17 ժանդարմի, պետպահպանության 15 ծառայողի և 45 գվարդիականի դեմ, սակայն, նրանցից ոչ մեկը չի դատապարտվել կամ պատժվել:

Անդրադառնալով թեմային, թուրքական երգիծական հանդեսները Թուրքիայի` կանանց բռնությունների նկատմամբ անտարբեր ներկայիս իշխանությունների մասին «Ոստիկանական պետությունն այլես իրականություն է, հերթն առնանդամային պետությանն է» վերնագրով ծաղրանկարներ են հրապարակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել