Tert.am-ը գրում է․

Իսպանացի գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը  ներկայացրել է Իսպանիայում բնակվող հայերի պատմությունը` սկսած Լևոն VI թագավորից` պատմելով նաև  հայոց հարցին իր առնչության մասին:  Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով իսպանացու կյանքում իր հետքն է թողել ԱՍԱԼԱ-ի ծավալած գործունեությունը. 1980 թվականի դեկտեմբերի 29-ին Մադրիդի կենտրոնական  «Իսպանիա» հրապարակի անկյունում գտնվող Գրան Վիա պողոտայում  ռումբ պայթեց, ինչի հետևանքով ծանր վիրավորվեց  Գուռիարանը, որից հետո սկսեց հետաքրքրվել հայոց հարցով և պայթյունի դրդապատճառներով: Տեղեկանալով  1915-ի ցեղասպանության մասին`  իսպանացի մտավորականը դարձավ Հայ դատի ջերմեռանդ պաշտպաններից մեկը: Միջադեպից երկու տարի անց հրատարակեց   «Ռումբը» գիրքը, որը  ներշնչել է Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանին՝ նկարահանելու Une histoire de fou («Մի խենթ պատմություն»)  ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին:   1915-ի դեպքերից մազապուրծ եղած հայերի ժառանգների հետ հանդիպելով` 2007-ին Գուռիարանը հրատարակել է նաև «Հայեր, մոռացված ցեղասպանություն» գիրքը:  Հոդվածը, որը հրապարակվել է իսպանախոս մտավորականների հոդվածաշարում, ներկայացնում ենք կրճատումներով.

«Լևոն VI-ն իշխում էր Մադրիդում XIV դարում, իսկ հայ վաճառականները Անդալուսիայում հաստատվեցին XVI դարում: Այսօր` դարեր անց, Իսպանիայի հայ համայքն ունի 40 000 անդամ (14000-ը բնակվում են Վալենսիայում, 12 000-ը` Բարսելոնայում, 8000-ը` Մադրիդում և 2000-ը` Ալիկանտեում), ովքեր մեծ կազմակերպվածությամբ պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

20-րդ դարում  Իսպանիայում չի եղել կայուն  և կազմակերպված հայ համայնք, որը կար Ֆրանսիայում, Լիբանանում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Կալիֆորնիայում և այլ վայրերում`Ցեղասպանության հետևանքենրից մեկը դարձած Սփյուռքի ուշագրավ ներկայությամբ և գործունեությամբ: Սակայն իրադրությունը տնտեսական, արդյունաբերական և զբոսաշրջային ոլորտներում փոխվեց մեկ տասնամյակ առաջ, և այժմ հայերը կարևոր դեր և ներգրավվածություն ունեն ցանկացած ասպարեզում: 

Հայոց թագավորը Մադրիդում

Իսպանիայի և Հայաստանի պատմության մեջ երկու փուլ կա, երբ հայերի ներկայությունը, թեև ոչ մեծաթիվ, եղել է ինտենսիվ և արդյունավետ երկու ժողովրդի հարաբերություններում: Առաջինը կապված է 1382 թվականի հետ, երբ Պալասիո դե Օրիենտեում հաստատվեց  և  Մադրիդը ղեկավարել սկսեց Լևոն VI-ը` Իսաբելի և Խուան դե Լուսինյանի որդին, ով Կիլիկիայի մայրաքաղաք Սիսի անկումից հետո գերեվարվեց Կահիրե, որտեղից էլ խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382–ին գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա, 1383–ին հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին նվիրեց Մադրիդ քաղաքը: 

Իսպանիայի պատմության մեջ հայերի ներկայության երկրորդ փուլը  կապված էր 1492-ին Քրիստափոր Կոլումբոսի` Ամերիկայի հայտնաբերման հետ: Նոր աշխարհի հետ ոսկու և արծաթի առևտրում ներգրավվեցին նաև հայ վաճառականները:

Այսօր Իսպանիայում քչերը գիտեն 3000-ամյա պատմություն ունեցող Հայաստանի մասին: Իսպանացիների գիտելիքները հայերի մասին, ինչպես նաև՝ իմը շատ աղոտ և աղքատիկ էին. այն, որ Շառլ Ազնավուրը, Ուիլյամ Սարոյանը և Անաստաս Միկոյանը հայեր են, և որ Մադրիդի հայտնի ռեստորաններից երկուսը հայկական են` «Արարատ» և «Սայաթ Նովա»:

Պետք է խոստովանեմ, որ մինչև 1980-ին  ինձ հետ տեղի ունեցած պատահարը ես գրեթե ոչինչ չգիտեի  1915-ին Երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության մասին, որում միլիոն ու կես հայ էր զոհվել: Պայթյունից հետո առաջին մարդը, ում հետ խոսել եմ այդ թեմայով, ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենն էր, ում հետ հարցազրույց ունեցա որպես լրագրող»:  

 Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Անդրադառնալով Մեծ եղեռնի 100-ամյակին և նշելով այս ուղղությամբ Իսպանիայում կատարված աշխատանքների մասին`  իսպանացի  հումանիստն ամփոփում է. «Նոր նախագծեր են պատրաստվում իրականացվել  Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ՝  իբրև պատմական մի հնարավորություն՝ ստիպելու Թուրքիային, որ ճանաչի իր նախնիների   ծրագրած և իրականացրած հայ ժողովրդի ցեղասպանությունը: Թող ունենա Գերմանիայի քաջությունը, որն ընդունել է հրեաների Հոլոքոստի փաստը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել