Վերջին օրերի երևանյան կրկեսը ստվերեց ոչ միայն Գյումրվա սպանդը և Բերձորի ջարդը, այլ նաև հեռավոր թվացող, բայց իրականում մեզ անմիջապես վերաբերվող ռուս-ուկրաինական պատերազմը, որից կախված են և՛ Գյումրիի ու Բերձորի քննությունը, և՛ դրանց կրկնության հավանականությունը ողջ Հայաստանում:
Երեք օր առաջ Մինսկում կնքված զինադադարից ու բանակցություններից հետո, որոնց մասնակցում էր անձամբ Պուծինը, ռուսական «ոչ-պաշտոնական» զորքը` նորագույն տանկերով, թնդանոթներով ու հրթիռային զենքով զինված, գրավեց ուկրաինական Դեբալցեվո քաղաքը՝ սպանելով տասնյակ, գերի վերցնելով հարյուրավոր ու տեղահանելով հազարավոր ուկրաինացիներին: Մենք դա վերջին անգամ սեփական մաշկի վրա ենք զգացել 1992 թվականի հունիսին, երբ ռուսական զորքը հայաթափեց Գետաշենը և Շահումյանի հետ միասին հանձնեց այն Բաքվին: Այն, որ ողջ աշխարհն ուկրաինական այս մղձավանջից հստակ հետևություններ է անում և ավելի ուժեղ է ձգելու Կրեմլի վզին գցած պարանը, պարզ է: Սակայն մեզ համար մեր կյանքի մնացած ժամանակում կարևոր է սեփական եզրակացություններ անել:
Առաջինը` պուծինյան իշխանությունը մահաբեր է մեր պետականության համար: Երկրորդը` նրա հետ ստորագրված ցանկացած պայմանագիրը չարժե անգամ դրա թղթի գինը: Երրորդը` ՀՀ և ԼՂՀ համար մեծագույն սպառնալիք է ներկայացնում ոչ թե Ադրբեջանը, որին զինում է այսօր Մոսկվան, և անգամ ոչ թե Թուրքիան, որին Մոսկվան նվիրել էր մեր տարածքները մեկ դար առաջ, այլ ռուսական 102-րդ ռազմաբազան, որի օլիգոֆրեն մանյակները ցանկացած պահին պատրաստ են թիկունքից զավթել մեր Հայրենիքը: Մեկ տարի առաջ հենց այդպես սկսվեց Ուկրաինայի զավթումը Ղրիմում` տեղի ռուսական ռազմաբազայի ուժերով: Չորրորդը` կայսերական գաղութացման առավել վտանգավոր ու վնասաբեր գործիքն այսօր հանդիսանում է ռուսական պետական հեռուստատեսությունը, որի ստահոդ, սադրիչ ու մարդատյաց քարոզչությունը գերազանցել է գեբելսյան նախադեպը և օրնիբուն թունավարում է մեր ազգակիցների ուղեղներն ու հոգին՝ բարոյազրկելով ու ստրկացնելով հայությունը: Մեր պետականության և ազգի անվտանգությունը, հոգեկան հանգիստն ու ֆիզիկական առողջությունը պաշտպանելու համար խիստ անհրաժեշտ է անմիջապես արգելափակել այդ թշնամական և մարդատյաց քարոզի հեռարձակումը Հայաստանի ողջ տարածքում: Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Գյումրին ու Բերձորը ասածիս մռայլ ու մշտական ապացույցներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել