Tert.am-ը գրում է․

Փետրվարի 20-ին համազգային հանրահավաք անցկացնելու որոշման մասին հայտարարելուց հետո, իշխանությունները հանրահավաքը տապալելու նպատակով Համաժողովրդական շարժման դեմ սանձազերծեցին մի ամբողջ ահաբեկչական արշավ` բռնաճնշումների և սպառնալիքների հիմնական թիրախ դարձնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Այս մասին ասվում է «Հայ ազգային կոնգրես»-ի հայտարարության մեջ։

«Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: Հայ ազգային կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ  նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով:

Միևնույն ժամանակ «Հայ ազգային կոնգրեսը», հայտարարում է , որ շարունակելու է  ապօրինի ռեժիմի հեռացման  և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը և ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը և կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները»,-ասվում է հայտարարությունում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել