Tert.am-ը գրում է․

Հիասթափությունների այս աշխարհում մի փոքր կարող է հիասթափեցնեմ՝ ասելով, որ այսօր պետք է խոսք ասեմ, իսկ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ ուրբաթ օրը ժամը չորսին՝ Ազատության հրապարակում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ընթերցեց իր հանրային ուղերձը:

«Այսօր վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձն է. երկու հետընտրական տարիները, որոնք մսխված կարելի է համարել, արդեն պատմություն են՝ լի անկումներով, դառնությամբ և հիասթափությամբ»,-ասաց նա և նշեց, որ «առաջ»-ի և «հետո»-ի ջրբաժանը մեծացավ ևս մեկ տարով:

«Անցած երկու տարիները վկայում են՝ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան, և օրախնդիրը եկող սերունդների ապագան փրկելն է, որը փրկողը լինելու է միայն ժողովուրդը»,-ասաց նա և նշեց, որ հին ու նոր փրկիչների մասին խոսակցությունները, որոնք մերթընդմերթ ուժգնանում են, առասպելի ժանրից են:

Նա նշեց, որ Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը հաստատեց այդ ճշմարտությունը, և շատերի դիմակը պատռվեց՝ կրկնելով Գյումրիում իր ասածը, որ եթե այդ մարդ հրեշը չհանձնվի Հայաստանի իրավասությանը և արդարադատությանը, և եթե մեր ռազմավարական դաշնակիցը չունի այդքան հարգանք մեր ինքնիշխանության նկատմամբ, ապա իր բազաները և սահմանապահներին պետք է դուրս հանի Հայաստանի տարածքից:

Ըստ Հովհաննիսյանի՝ ելակետային լուծումը արժանապատիվ ընտրությունների անցկացումն է և քաղաքացիական կյանքի արժանապատիվ ապահովումը, իսկ դրա համար պայքարն ընթացքի մեջ է:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ից հետ կանչելուն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «տարոսը լինի Եվրասիական տնտեսական միությանը»: Մեջբերելով Համո Սահյանի խոսքերը՝ նա ասաց. «Սերժ Սարգսյա՛ն, դո՛ւրս արի, եթե քեզ ընկեր է պետք, ես հետդ դուրս կգամ»։

«Կրկեսը ինքներդ եք սարքել և ձեր ճառերը պատվիրողները։ Ստուգեցե՛ք բոլորին հավասար՝ օրենքի ամբողջական և ոչ ընտրովի կիրառմամբ, ոչ միայն ձեզ հանդիպած Ծառուկյանին, այլևս՝ ինձ, Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, Հայրիկյանին։ Բայց սկսեք ձեզանից, ձեր ընտանիքից, գործող վարչապետից, մարզպետներից, պատգամավորներից, գեներալներից։ Մինչև սա չլինի, օրենքի մասին մի խոսեք, որովհետև օրենքից դուրսը դուք եք»,-ասաց նա և նշեց, այս ոգով բոլոր մարզպետները պետք է դուրս գան և մնա միայն Արցախի մարզպետը՝ մինչև մյուս ընտրություններ:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը հարգանքով հանդերձ պետք է հրաժարական տա հանուն հայրենիքի, և նշանակվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

«Դե ֆակտո նախագահը գիտի, թե դե յուրեին որտեղ գտնել»-հավելեց նա և հեռացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել