Tert.am-ը գրում է․

Եթե իրոք ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ադրբեջանցի դիվերսանտները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ապա ԼՂ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կեսկատակ-կեսլուրջ առաջարկում է նրանցից մեկին փոխանակել քնած ժամանակ հայ սպայի կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի հետ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը. «Ես դրա հավաստիության վերաբերյալ մեծ կասկածներ ունեմ, որ Վիկտորիա Նուլանդը նման հայտարարություն է արել: Բնական է, որ ադրբեջանական կողմը շահարկում է այդ հարցը և կեսկատակ-կեսլուրջ ասեմ, որ եթե այդ մարդկանցից ինչ-որ մեկը Ալիևի հետ կապ ունի, թող հետ տան Սաֆարովին, մեկի հետ կարող ենք փոխանակել»:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցներն առանց ուղիղ մեջբերման նշում էին, որ տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն հայկական կողմին, և Դավիթ Բաբայանը խիստ կասկածում է, որ իրականում Նուլանդը նման բան ասել է: Այսինքն՝ ենթադրում է, որ միգուցե ադրբեջանական կողմը այդ հարցը բարձրացրել է, Նուլանդն էլ ինչ-որ բան ասել է այդ կապակցությամբ, և ադրբեջանական լրատվամիջոցները նրա խոսքն աղավաղել են:

«Կարող է՝ ինքը քաղաքավարությունից ելնելով՝ ասել է, մենք էլ կքննարկենք էդ հարցը»,-ասաց Բակո Սահակյանի խոսնակը:

Ամեն դեպքում պաշտոնական Ստեփանակերտն այս հարցի վերաբերյալ պարզաբանման ակնկալիք կարող է  ունենալ:

Եվ եթե Նուլանդն իրոք հետաքրքրվում է այդ մարդկանց ճակատագրով, ապա Դավիթ Բաբայանը նկատեց, որ նրան սիրով կընդունեն և կկազմակերպեն նրա հանդիպումը այդ հանցագործների հետ: Այսուհանդերձ նա նկատեց, որ Արցախում շատ ավելի «հետաքրքիր ու գեղեցիկ տեղեր կան այցելելու»:

Հիշեցնենք, որ ամռանը, օգոստոսյան դեպքերից առաջ Քարվաճառի շրջանի Հարյուրի ձոր կոչվող տարածքում հայ զինվորները վնասազերծել էին ադրբեջանցի դիվերսանտներին, որոնցից մեկը՝ Հասան Հասանովը, այդ գործողության ժամանակ ոչնչացվել էր, Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը հանձնվել էին Լեռնային Ղարաբաղին, որտեղ ընթանում է դատավարություն:

Ադրբեջանական կողմը նրանց առաջարկել էր փոխանակել Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող հայկական 5 հոգանոց ընտանիքի և սպանված քաղաքացիական անձ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ՊՆ մամուլի քարտուղարի մակարդակով առաջարկը մերժվել էր: Իսկ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ «մենք Բաքվի շուկայում չենք»:

Դավիթ Բաբայանն ավելացրեց, որ Ղարաբաղում ընթանում է  բաց, թափանցիկ դատավարություն, որն ամբողջությամբ համապատասխանում է «ժողովրդավարության ամենաբարձր մակարդակին»:

«Եվ այդ մարդիկ ընդունել են իրենց մեղքը և խնդրել են Արցախի Նախագահին, որպեսզի իրենց նկատմամբ ընտրված միջոցը ինչ-որ ձևով թեթևացվի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նաև հաղորդեց, որ այսօր Արցախ են այցելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և կլինի հանդիպում Արցախի Նախագահի, Արցախի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել