«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի երիտասարդները սկսեն լուրեր դիտել»Media.am-ը գրում է․

« Ինտերնետը չի կարող մրցակից լինել, քանի որ այն արտադրող չէ, այլ գործիք է, ճանապարհ, որով տարածվում է բովանդակությունը: Մենք չենք պայքարում ինտերնետի դեմ, այլ ուզում ենք այնտեղ էլ լինել »

«ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ի ղեկավարությամբ գործող ալիքներում 2015 թվականի սկզբից կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին: Այդ փոփոխությունների ու ընդհանրապես մոտ ապագայում հեռուստատեսության տրանսֆորմացիաների մասին հոլդինգի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն իր հստակ պատասխանն ունի: Նա առաջարկում է հրաժարվել ավանդական տերմինաբանությունից, քանի որ շատ հասկացություններ վերջնականապես հնացել են:

Երկար տարիներ հեռուստադաշտում աշխատող Արմեն Արզումանյանը եզրակացնում է, որ մեր հասարակության մեջ հեռուստատեսության դերը գերագնահատված է. «Միգուցե որպես մենեջեր նման բան ասելու իրավունք չունեմ, բայց իրոք այդպես է: Հեռուստատեսությունը տեղեկություն ստանալու ու ժամանացը կազմակերպելու ուղիներից մեկն է ընդամենը: Կան նաեւ այլ, ոչ պակաս հետաքրքիր ուղիներ»:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել հոլդինգի կազմում եղած ալիքների վերադասավորումները:

Այս պահին երեք հեռուստաընկերություններից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ խնդիրն ունի: «Արմենիա»-ն պետք է հեռուստաշուկայում պահպանի առաջատարի իր դիրքը, բայց եւ բարեփոխումների միջոցով դառնա սոցիալապես ավելի պատասխանատու ալիք:

«ԱԹիՎի»-ն պիտի փորձի ընդլայնել իր ազդեցությունը՝ դառնալով լիարժեք ընտանեկան հեռուստաընկերություն: Այդպիսի ալիքի տեղը որոշ իմաստով թափուր է մեր հանրապետությունում:

«Արմնյուզ»-ը որոնումների մեջ է: Այն այժմ անցում է կատարում մաքուր լրատվականից դեպի երիտասարդական-ժամանցային, լրատվական հեռուստաընկերություն: Ինտերնետի դարում հեռուստատեսությունը պիտի փորձի վերագտնել իրեն: Ի վերջո, հիմա գծային լրատվությունն այդքան հետաքրքիր չէ, որքան ինտերնետային լրահոսը, որի մեջ հայտնված մարդը մի քանի վայրկյանում կարող է պատկերացում կազմել (գոնե տեսականորեն), թե ինչ է կատարվում աշխարհում: Իսկ հեռուստատեսության դեպքում դիտողը ստիպված է առնվազն կես ժամ հեռուստացույց դիտել՝ օրվա պատկերը հասկանալու համար: Այդ պատճառով էլ լրատվական հեռուստաընկերության համար ճգնաժամ է ամբողջ աշխարհում: «Արմնյուզ»-ը նույնպես որոնում է իր տեղը:

Այս չորս տարիների ընթացքում չստացվե՞ց հասկանալ այդ տեղը: Ի վերջո, ալիքը մի փաթեթով առաջարկում էր եւ՛ լուրեր, եւ՛ ժամանց՝ աշխատելով ինֆոթեյնմենթ ժանրում:

«Արմնյուզ»-ն, իհարկե, որոշակի տեղ զբաղեցրեց, բայց կարծում եմ՝ լրահոսի մատուցման նոր ձեւեր են պետք: «Արմնյուզ»-ը 24-ժամյա սովորական տեղեկատվական հեռուստաընկերության տեսակ էր, որի նմանները շատ են աշխարհում: Բայց, որպես կանոն, նման ալիքներ կարող են ունենալ միայն մեծ երկրները:

«Արմնյուզ»-ի տնօրեն նշանակելով շոու-բիզնեսի ոլորտի պրոդյուսեր եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին՝ ի՞նչ եք այժմ սպասում այդ ալիքից: Խնդիր չե՞ք տեսնում, որ արտոնագիրը տրվել է լրատվական ալիքին, բայց  ուղղվածությունը փոխվում է:

Քանի դեռ մարդիկ ուզում են հեռուստացույց դիտել, մենք կփորձենք ավելի երիտասարդ լսարանի համար գրավիչ դառնալ: Եվ Հրաչ Քեշիշյանին խնդրել ենք էքսպերիմենտներ անել՝ ալիքը դարձնելով երիտասարդական-ժամանցային -լրատվական: Բնականաբար, ալիքը գործելու է արտոնագրի սահմաններում: Փոխվելու են միայն լրատվական թողարկումների միջեւ հեռարձակվող հաղորդումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել