Tert.am-ը գրում է․

Ես կարծում եմ, որ այդ գործընթացը չի վերաբերվում միան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով` Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հնարավորությանը։ 

«Բացի Գագիկ Ծառուկյանից էլի մարդիկ կան, որոնք չեն եկել ԱԺ նիստերին և կարծում եմ, որ դա ամբողջությամբ կգնահատվի: Որքանո՞վ է ճիշտ, որ ԱԺ պատգամավորը չի ներկայանում ԱԺ նիստերին»,- ասաց նա և նշեց, որ միշտ ասվում է, որ նիստերը պետք է արդյունավետ լինեն, կարգապահությունը բարձրանա:

Անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ եթե մինչև փետրվարի 20-ի հանրահավաքը Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից, ապա ինքը, Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ բազմաթիվ այլ անդամներ  կսկսեն նստացույց, չի բացառվում՝ նաև հացադուլ անել, ՀՀԿ ական պատգամավորը նշեց, որ եթե Վարդան Օսկանյանը նստացույցի կամ հացադուլի առիթներ է փնտրում, ապա դրանք շատ են: Ամեն դեպքում Լեռնիկ Ալեքսանյանը չի ընդունում նստացույցը. «Որպես պայքարի ձև չի»:

«Ես կարծում եմ, որ սա գործընթաց է և թե ինչ կլինի արդյունքում ես չեմ կարող ասել, բայց եթե գնահատվում է ԱԺ պատգամավորի չներկայանալը, ապա, ըստ իրենց բացակայությունների թվի, համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն նաև մնացածի նկատմամբ. որին  մանդատից կզրկեն, որին նկատողություն կտան»,- ասաց նա և նշեց, որ այդպիսիք կլինեն նաև ՀՀԿ-ից:

«Ընդհանրապես կան պատգամավորներ, որոնք նիստերին չեն ներկայանում: Անկախ նրանից ՀՀԿ է,  թե ԲՀԿ է,  պատգամավորները պետք է ներկայանան նիստերին»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել