Տեղեկատվական դաշտում ԲՀԿ-ի ինքնապաշտպանական քաղաքականությունն ամբողջությամբ պոպուլիզմի վրա է կառուցված: Շրջանառության մեջ է դրված այն թեզը, իբր քննադատելով Ծառուկյանին, պայքարելով նրա դեմ` իշխանություններն իրականում մարտահրավեր են նետում ժողովրդին: Այսինքն՝ Ծառուկյանի և ժողովրդի միջև հավասարության նշան է դրվում: Ընդ որում` այնքան կոպիտ է այդ ամենը արվում, որ միանգամից հնարավոր չէ հասկանալ՝ ժողովրդի՞ն են դոդի տեղ դնում, թե՞ Ծառուկյանին մեծարելու նոր ձև են մոգոնել։ 
Նման մոտեցումը, իհարկե, ճգնաժամային լուծումների հետևանք է: Իսկ այնտեղ, որտեղ արագ լուծումներ են անհրաժեշտ, ԲՀԿ-ն, մեղմ ասած, ավելի քան դանդալոշ է: Դրա համար էլ իրենց առաջնորդին աստվածային վերևներից իջացրին ժողովրդի մակարդակին: Մարտնչող տգիտությունն իր տեղը զիջեց ոչ պակաս լկտի պոպուլիզմին:
Սրիկաների վերջին հանգրվանն է հայրենասիրությունը: Այսօր ԲՀԿ-ն փորձում է իշխանությունների դեմ պայքարում ժողովրդին վահան դարձնել: Սեփական հասցեին հնչող մեղադրանքներն ուղղել դեպի ժողովուրդ և թաքնվել նրա ետևում: Փաստորեն, շատ ցածր կարծիք ունեն ժողովրդի մասին: Այդպես էլ չհասկացան, որ հենց այդ սխալը կործանեց իրենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել