Orer.am-ը գրում է․

Հավանաբար, սերն այն անշահախնդիր զգացմունքն է, որը չունի ոչ մի նախապայման՝ ուշադրությունից ու սիրուց բացի: Անգամ տարիքը չի կարող լռեցնել «սիրո ձայնը»: Orer.am-ը սիրո տոնի կապակցությամբ սիրո ու նրա պարգևած դժվարությունների մասին զրուցեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ:

-Արդեն երեք տարվա ամուսիններ եք: Հարաբերություններում փոփոխություններ նկատվո՞ւմ են:

-Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, որ այս տարիների ընթացքում զգացմունքի, խենթության կամ վերաբերմունքի փոփոխություն է եղել: Ընդհակառակը, սերը գնալով ավելանում է և ամրապնդվում երեխաների շնորհիվ: Երկուսս էլ հասուն ենք և թույլ չենք տալիս, որ մեր հարաբերությունները մի փոքր պակասեն կամ փոխվեն: Ասում են, սերը նման է գինու, որքան հնանում, այնքան քաղցրանում է: Ես համամիտ եմ այս մտքի հետ:

-Ի դեպ, օրեր առաջ էր ձեր ամուսնության տարեդարձը: Ձեր անակնկալն ամուսնուն երգի և տեսահոլովակի տեսքով՝ շատ գեղեցիկ էր: Օրն ինչպե՞ս անցկացրեցիք:

-Նա ինձ հրավիրեց ռոմանտիկ ընթրիքի: Այնուհետև, մինչև կեսգիշեր քայլել ենք Երևանի կենտրոնում: Իսկապես, հրաշքներով լի օր ունեցանք:

-Անահիտ, իսկ հաճա՞խ են ձեր ընտանիքում վեճեր լինում: Եթե այո, ինչպե՞ս եք հարթում:

-Չէի ասի, որ մենք հաճախ ենք վիճում: Երեք տարվա ընթացքում հավանաբար երեք անգամ ենք վիճել: Բայց այդ վեճը տևում է մեկ րոպե, ես չեմ դիմանում ու առաջին քայլն եմ անում: Այնուհետև, ժպտում ենք ու անցնում առաջ: Հիմնականում շատ փոքրիկ և ծիծաղելի վեճեր են լինում:

-Ձեր ամուսինն իրավաբան է: Դժվար չէ՞ էմոցիոնալ դերասանուհու և աչալուրջ իրավաբանի կյանքը նույն հարկի տակ:

-Ինձ էլ էր թվում, որ դժվար կլինի: Հետագայում հասկացա, որ երկու ռոմանտիկ ու էմոցիոնալ մարդիկ դժվար թե կարողանային լեզու գտնել: Այժմ մեր տան էմոցիան ես եմ, հանգստությունն՝ Արտակը: Մեկս մյուսին լրացնում ենք: Ուրախ եմ, որ ունենք տարբեր մասնագիտություններ, այդպես ավելի հետաքրքիր է:

-Իսկ մասնագիտությունից հրաժարվելու երկընտրանքի առջև երբեք չի՞ կանգնեցրել Արտակը:

-Երբեք: Ասեմ ավելին. երբ ամուսնացանք և երրորդ երեխան ծնվեց, ես նրան հարցրեցի. «Ուզո՞ւմ ես լքեմ ասպարեզը»: Եվ գիտե՞ք պատասխանն ինչ եղավ. «Ոչ մի դեպքում, ես սիրում եմ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին՝ ակտիվ, աշխույժ և գործունյա»:

-Անահիտ, քանի որ Հայաստանում մարդիկ մի փոքր կաղապարված են, ձեր ամուսնու ծնողները, հարազատներն ինչպե՞ս են նայում ձեր դերասանուհի լինելու հանգամանքին:

-Շատ լավ են ընդունում և հպարտանում են ինձանով: Ամեն մի հաջողությունս կիսում են ինձ հետ:

-Ձեր մեջ 16 տարվա տարիքային տարբերություն կա: Այդ տարբերությունն ամուսիններին չի՞ խանգարում:

-Կարող եմ միայն իմ տեղը պատասխանել. ինձ օգնում է, քանզի ես սիրում եմ Արտակի տարիքը, փորձը, խելքը, կրթվածությունը: Ես նրա շնորհիվ հասունանում եմ, նա էլ ինձ հետ՝ էլ ավելի երիտասարդանում: Ամեն ընտանիք յուրովի է երջանիկ, մեր երջանկության բանաձևն էլ սերն է, անվերապահ սերը:

-Ի՞նչ երազանքներ ունեք և ի՞նչ կմաղթեք ձեր սիրելիին:

-Երազում եմ՝ ԵՐԱԶՍ երբեք չկորցնեմ: Կյանքն արդեն իսկ մարդկությանը տրված մի մեծ պարգև է ու հրաշք: Իսկ ամուսնուս պարզապես կասեմ՝ Արտակ, ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել