ԲՀԿ քաղխորհուրդի նիստից արդեն 24 ժամ է անցել, բայց հանրությանը մինչ այս պահն այդպես էլ չցուցադրեցին Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսագրությունը։ Միայն չափից դուրս միամիտ մարդիկ կարող են հավատալ, որ տեսանյութը տեխնիկական խնդիրների պատճառով չի հրապարակվում։ Բոլորս գիտենք, թե «Կենտրոն» ՀԸ-յան քանի կամերա է մշտապես ներկա Ծառուկյանի մասնակցությամբ միջոցառումներին։ Կասկածից դուրս է, որ քաղխորհրդի նիստը նույնպես ամբողջությամբ տեսագրվել է։ Բայց կադրերը չկան և դա խոսում այն մասին, որ Ծառուկյանը իրականում նման հայտարարությամբ հանդես չի եկել քաղխորհրդի նիստում։
Ավելին` ԲՀԿ առաջնորդը սկի չի էլ քննարկել կուսակիցների հետ իր անելիքները։ Նա ընդամենը մեկ-երկու բառով ներկայացրել է իրավիճակի իր ըմբռնումը և վերջ։ Այսքանը։ Իսկ թե քաղաքական ինչ որոշումներ կլինեն, դա արդեն ԲՀԿ քաղխորհրդի գործը չէ։ Ակնհայտ է, որ նման հարցերը Ծառուկյանը այլ հարթակներում է քննարկում, միանգամայն ուրիշ մարդկանց հետ։ Իսկ ԲՀԿ քաղխորհրդին վերապահված է միայն կողքից «տաշիիի» կանչողների դերը։ Մնում է հասկանալ միայն, թե ով և քաղաքական ի՞նչ նպատակներով է օգտագործելու Ծառուկյանին ու նրա ղեկավարած կուսակցությունը։ Չնայած` կուսակցության մասին կարող է անգամ խոսք չգնալ։ Չէ՞ որ միակ սուբյեկտն այնտեղ հենց ինքը Գագիկ Ծառուկյանն է։ Մնացածը նրա «արքայական» քմահաճույքների օբյեկտն են միայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել