Հանրապետականի ցանկությունը՝ Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական ֆիգուր ոչնչացնելու, բնավ էլ տարօրինակ չէ, որ սրվեց այս պահին։ Իրականում նախագահ դառնալու՝ Գագիկ Ծառուկյանի ամբիցիաները երբեք այսքան ընդգծված չէին եղել, և թեև դրանք չհիմնավորված և վտանգավոր հետևանքներ բերող էին, այնուամենայնիվ, բնակչության մի ստվար զանգված չէր կանխատեսում հետևանքները։ Նման կտրուկ ձևով և պատկերավոր օրինակներով Ծառուկյանին ներկայացնելով նախագահի պաշտոնում՝ Ս.Սարգսյանը կարծես փորձում էր հասնել այն մարդկանց սրտերին, ովքեր «թագավոր Գագիկ» էին վանկարկում ու չէին մտածում այն քաոսի մասին, որը կտիրի երկրում անձնային նման որակներով մարդու՝ նախագահ դառնալու պայմաններում։ Իհարկե, նման կոշտ բառերով սեփական խոսքը համեմելու անհրաժեշտություն նախագահը չէր ունենա, եթե մեր երկրում նախագահի պաշտոնն այդքան արժևորված չլիներ, նախագահի լիազորություններն այդքան մեծ չլինեին, և իշխանության երեք թևերը կարողանային անխափան աշխատել առանց նախագահի անմիջական միջնորդության։ 
Ցավոք, իհարկե, Սերժ Սարգսյանն իր շրջապատով և նման անորակ խմբակցությամբ ուղղակիորեն փաստում է, որ ՀՀ-ում ինտելեկտուալ ցենզը որպես հիմնական ցուցանիշ է դիտարկվում բացառապես երկրի առաջին դեմք դառնալու պայմանում։ Մնացած բոլոր պաշտոնները զբաղեցնել 2-րդ դասարանի կրթությամբ ՀՀ-ում առայժմ թույլատրելի է, որովհետև նրանք շարքային կատարողներ են։ Սա, իհարկե, ցավալի է, քանզի անորակ կադրեր մեզ պետք չեն ոչ միայն նախագահի պաշտոնում, այլև ԱԺ-ում, Կառավարությունում և զանազան վարչություններում։ Ուստի պետք է հուսալ, որ առաջիկա սահմանադրական փոփոխություններից հետո երկրի բարձր պաշտոնները կզբաղեցնեն արժանավորները, այլ ոչ բութ կատարողները։ 
Այնուամենայնիվ, եթե պայքարի դրոշակի վրա անգրագիտություն բառն է գրված, 96.8 տոկոս ՀՀ կրթված բնակչությունը դրա դեմ դժգոհելու հարկ չունի, քանզի, պայքարելով անգրագիտությունը հալածողի դեմ, նա պայքարում է անգրագետի՝ նախագահ դառնալու իրավունքի համար։ 
Ցավոք, Ծառուկյան Գագիկը ոչ միայն մտավոր ցածր զարգացվածություն ունի, այլև արատավոր կերպար է բոլոր տեսանկյուններից։ Մեկը վերցնենք նրա գործարար համբավը։ Մեծ սուտ ասած կլինեմ, դուք էլ կստեք, որ հավատացիք, եթե ասեմ, որ Ծառուկյանն օրինավոր գործարար է։ Մեր ոճի երկրներում օրենքով աշխատելով՝ միլիարդ չես կուտակի։ Ծառուկյանը, վստահաբար, բիզնես ֆենոմեն չի ու իր կապիտալն առանց հարկ մուծելու է կուտակել։ Սա ենթադրություն չէ, բնավ։ «Լավ ենք անում, որ հարկ չենք մուծում, քանի որ ոմանք պետբյուջե մտնող այդ գումարները տանում, տանուլ են տալիս Մոնտե Կառլոյի կազինոներում». սրանք Գագիկ Ծառուկյանի մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի խոսքերն են, ով մի բան էլ մուննաթ է գալիս հարկ չմուծելուց հետո։ Իհարկե, գործարարի համար, մանավանդ քաղաքականություն մտած մեկի, շատ հարմար է հարկեր չմուծել և, հարկերի 10 տոկոսը բարեգործության տալով, բարեգործի իմիջ կերտել։ Թե ինչու Ս.Ս-ն Ծառուկյանի՝ հարկ չմուծելու դեմ չէր պայքարում մինչ օրս, դա այլ հարց է։ Այնուամենայնիվ, եթե պայքարը սկսվել է, դա, ինչպես եվրոպացիներն են ասում, մեկ քայլ առաջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել