Շատերը կարող են մտածել, որ Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն կամ հեղափոխություն իրականացնել Վրաստանի օրինակով, սակայն Հայաստանի և Վրաստանի ներքաղաքական վերջին տարիների զարգացումներին քաջատեղյակները հստակ կարող են փաստել, որ նմանություններ այստեղ փնտրել չարժե:
Խոսքը միայն շատերի կողմից Իվանիշվիլի-Ծառուկյան անձերի միջև տարվող զուգահեռները չեն (նույնականացնել տվյալ քաղաքական գործիչներին, կարծում եմ, տեղին չէ):
Ոմանց առաջին պարբերության արտահայտած միտքը կարող է թվալ տարօրինակ այն պատճառով, որ չի կարելի բացառել Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր իշխանափոխության տարբերակը: Եվ իրոք, ոչինչ չի կարելի բացառել, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Ուղղակի վերոնշյալ եզրին հանգելու առիթն այն է, որ մեր իրականության մեջ ներքաղաքական իրավիճակի արդի շրջափուլում դժվար է հավատալ, որ դաշտում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերն արժանանում են ժողովրդի այն համակրանքին ու աջակցությանը, որը կար Վրաստանի պարագայում:

Խոսքը բնավ այն մասին չէ, որ օրինակ՝ առավել ազդեցիկ ընդդիմադիր կուսակցությունը հանդիսացող ԲՀԿ-ն չի կարող հավակնել ընտրությունների ժամանակ ամենամեծ թվով ձայների հավաքմանը: Իհարկե, եթե նորից տեսականորեն դիտարկենք, հնարավոր է: 
Բայց կա մի կարևոր դրվագ: Խնդիրն այն է, որ Վրաստանում 2012թ.-ի խորհրդարանական, ապա և 2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքն ընտրությանը նախորդած քարոզարշավի և նաև բուն ընտրությունների օրը զերծ է մնացել որևէ անօրինական մեթոդների կիրառումից՝ ընտրակաշառք բաժանելուց, մարդկանց, այսպես ասած, վերբովկա անելուց և այլն, ինչն, ըստ էության, բավականին հարազատ երևույթ և նույնիսկ սովորույթ է ԲՀԿ-ի համար, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր երկրում վերջինիս մասնակցությամբ անցկացված նախորդ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն աչքի ընկավ ընտրակաշարք բաժանելու տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ:

Այսպիսով ստացվում է, որ գումարի դիմաց ձայն ստացած ընդդիմադիր քաղաքական ուժը կրկին հավակնում է նույն մեթոդների օգտագործմամբ հետագայում ևս շարունակել զբաղեցնել խորհրդարանում պատգամավորական աթոռներ, ինչն, անխոս, ընտրողները լավ գիտակցում են և վերլուծության են ենթարկում տվյալ փաստերը: Արդյունքում դժվար է հավատալ, որ նշված քաղաքական ուժը կարող է ավելի շատ մանդատ ստանալ հաջորդ ընտրությունների արդյունքում, կամ, որ ավելի անհավանական է թվում, դառնալ ԱԺ մեծամասնությունը ներկայացնող ուժ, ինչին էլ, ըստ էության, հենց ձգտում է ԲՀԿ-ն:

Հետևաբար առաջին տարբերակը կարելի է բացառել:
Հաջորդ տարբերակն, իհարկե, ավելի անցանկալի է և անընդունելի: ԲՀԿ-ն որդեգրում է կոշտ մարտավարություն, անցկացնում է ցույցեր, հանրահավաքներ, պահանջում է իշխանափոխություն, տանում է իրավիճակը լարման, մարդկանց ուղղորդում բռնի իշխանափոխության, հեղաշրջման փորձ անում։ Արդյունքում...

Իսկ արդյունքը կարող է լինել շատ ցավալի, իհարկե ոչ թե քաղաքական ուժերի կամ դրանց առանձին ներկայացուցիչների համար, այլ շարքային քաղաքացիների, հույսով և հավատով լցված ժողովրդի, ով նորից կապրի հիասթափության նոր ալիք՝ դառնալով ոմանց քաղաքական ամբիցիաների զոհը:

Ուստի պետք չէ ավելորդ լարվածություն սերմանել և պառակտել մարդկանց միասնությունը, վտանգել հաստատված խաղաղությունը: 
Կառուցողական և հավասարակշռված քայլերը կարող են միայն հասցնել սուբյեկտին իր վերջնանպատակին, իսկ զգացմունքային, վրեժխնդրության և ստորության դրսևորումները պետք է տեղ չգտնեն ներքաղաքական կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել