Նախագահի երեկվա ելույթը, ի թիվս բազում կարևոր հարցադրումների, գոնե ինձ համար մի կարևորություն էլ ունի՝ ստի պսակազերծումը: Բարգավաճի առաջնորդն արդեն տևական ժամանակ բազմություն էր հավաքում հրապարակում ու օլիգարխատի դեմ պայքարի կոչերով հրապուրում իրենց հոգսերի տակ կռացած մարդկանց: Ու հավաքվածներից ոչ մեկը չէր մտածում՝ ո՞նց է լինում, որ ես կամ հարևանս ամբողջ կյանքի տքնաջան ու ազնիվ աշխատանքով մի քոռ կոպեկ հետ չենք գցել ու հիմա «բարեգործության» հույսին ենք, իսկ «բարեգործն» ընդամենը մի 15 տարում միլարդներ դիզեց: Լինո՞ւմ է էդպես… Այ էս բացահայտումն ու մարդկանց թմրությունից հանելը նախաձեռնելու համար նախագահին շատ շնորհակալություն: Հույս ունեմ, որ միտինգի գնացողները վերջապես կսկսեն մտածել՝ եթե երկրի գլխավոր օլիգարխը խոսում է օլիգարխատի դեմ պայքարից, կամ ինքնասպան է, կամ, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Կսկսեն մտածել, որ խոսքը գործով է ստուգվում, ու կփորձեն տեսնել գործը, որ ուրիշին միլիարդներ է բերում, իրենց զրկում արդար վաստակի լումաներից: 
Շնորհակալություն նախագահին, որ վերջապես բարձրացրեց կրթական ցենզի ու ինտելեկտի հարցը, թե չէ մեզ խաբեցին ու խաբեցին, թե մարդավայել ապրելու համար մարդ պիտի ճարպիկ լինի, ոչ թե խելք, աշխատասիրություն ու ազնվություն է պետք: էստեղից էլ մեր թերարժեքության բարդույթը, որ էդ ունակությամբ երբեք մարդավարի չենք ապրելու: 
Շնորհակալություն, որ բոլորիս ու առաջին հերթին մեր տնաբույս պորոշենկոներին սթափեցրեց՝ հիշեցնելով, որ թույլ չի տրվի Հայաստանը պետությունից վերածել տարածքի, որտեղ կառավարելու է օլիգարխիկ շահը՝ ժողովրդի ու պետության շահի փոխարեն: 
Շնորհակալությունները կարելի է շարունակել, բայց ամենագլխավորը, կրկնում եմ, որ պատռվում է ստի վարագույրն, ու մարդկանց ինքնուրույն մտածելու կոչ է արվել՝ հասկանալու, որ օլիգարխատը տարածը կամավոր հետ չի բերելու, նաև տեսնելու, որ երկրի ու բոլորիս շունչը փակող էդ չարիքը բազմագլուխ է, և հավատալու, որ երեկ սկսվածը, մի գլխից ազատվելով, չի վերջանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել