Տարբեր ակնկալիքներ ունեին մարդիկ Դոդի Գագոյի այսօրվա պատասխան ելույթներից։ Անձամբ ես հակված էի նրան, որ այն լինելու է մարտնչող բթամտության ու պոպուլիզմի հերթական շքերթ, ու ինչպես պարզվեց՝ չէի սխալվում։ Հիմնավորեմ՝ տարբեր կողմերից դիտարկելով այն։

Բովանդակային մասով ու հասցեատերերի առումով

Բովանդակային մասով Դոդի ելույթը ոչ այլ ինչ էր, քան պոպուլիզմի ու չգիտակցված ինքնախոստովանությունների շղթա։ Կարծես թե ճիշտ էր ասում Սերժը, որ այս մարդն իրոք չի հասկանում, թե ինչ է կարդում, երբ իր սփիչռայթերների հերթական գրածոն է ընթերցում։

Հասկանո՞ւմ եք, մի տեսակ զավեշտալի է, երբ ատկատներից, բյուջեի մսխումներից, ներդրումների նվազումից, փոխարժեքի սպեկուլյացիներից խոսում է մարդ, ով...

- ... ով առնվազն մինչև 2012 թվական անբաժանելի մաս է կազմել այն իշխանության, որին մեղադրում է ատկատային քաղաքականության մեջ, իսկ իր ղեկավարած քաղաքական կուսակցության ներկայացուցիչները մի անգամ չէ, որ ուղղակիորեն բռնվել են բյուջետային միջոցների մսխման համար (արդեն մոռացա՞նք ԲՀԿ-ական նախկին քաղաքաշինության նախարարի մասին, ով առնվազն կես միլիարդ դրամ էր յուրացրել ու Իսպանիայում առանձնատներ գնել)։

- ... ով անձամբ է անտանելի մթնոլորտ ստեղծել ներդրումների համար։ Ի՞նչ արժեք ունի միայն գերմանացի այն ներդրողի պատմությունը, ում Դոդը բառիս բուն իմաստով «քցել» էր Կանյաչնիում ներդրում անելուց հետո, ու ով մինչ օրս դատական քաշքշուկների մեջ է ու փորձում է վերացնել Ծառուկյանի կողմից յուրացված իր փողերը։

- ... ով փոխարժեքի սպեկուլյացիաների ժամանակ սպեկուլյանտների առաջին շարքերում էր, թե՞ արդեն մոռացան, որ հենց իրեն պատկանող գազալցակայաններն առաջինը բարձրացրին գազի գինը՝ հիմնավորելով դա նրանով, որ դոլարը թանկացել է, մինչդեռ գազն իրենք գնել էին դեռ մինչև թանկացումները։

Հասկանո՞ւմ եք, եթե պոռնիկն աշխատել է մի հասարակաց տանը, հետո դուրս է եկել դրանից ու, բարիդրացիական հարաբերություններ պահելով, շարունակել է պոռնկությամբ զբաղվել, իսկ հետո կոնֆլիկտ է ունեցել հասարակաց տան հետ ու ցանկացել է իրենով անել այն, զուտ կոնֆլիկտի փաստից ինքը Մարիա Մագդալենա չի դառնում, չի սրբանում, այլ ուղղակի մնում է պոռնիկ, ով ուզում է յուրացնել հասարակաց տունը և ոչ թե դարձնել այն բարեկրթության խմբակ։

Անձնական որակումների ու վիրավորանքների մակարդակին չիջնելու առումով

Ծառուկյանն իր ելույթում հայտարարում է, որ չի իջնելու վիրավորանքների ու անձնական հարթություն փոխադրելու մակարդակին, իսկ մյուս պարբերությունում արդեն լավ էլ անձնական ակնարկներ է անում Սերժ Սարգսյանի հասցեին։ Անձամբ նրան ու նրա մարդկային որակներն է ակնարկում ու դա անում է բոլոր կետերով, բացի այն մասերից, որը վերաբերվում էր իր՝ Ծառուկյանի ինտելեկտուալ մակարդակին ու «Դոդի Գագոյին»։ Փողոցային բառապաշարով ասած՝ «աբառոտկա» է անում բոլոր կետերով, բացի նշածներիցս։
Նախ, եթե, այնուամենայնիվ, խոսելու ես այդ հարթության վրա, պետք չէ ազդարարել, որ չես խոսելու ու հետո հանել հակառակը, որովհետև դա ծիծաղելի է։ Հետո, եթե, այնուամենայնիվ, աբառոտկա ես խլում բոլոր կետերից, բացի դոդությանը վերաբերվողներին, ինչպե՞ս հասկանալ դա... Փաստորեն ասելիք չունե՞ս էդ մասով, այսինքն համաձա՞յն ես...

Պոպուլիզմի առումով

Ընդհանրապես, այս ելույթը գերհագեցած էր պոպուլիստական շեշտադրումներով։ Դոդը քննադատում է Սարգսյանին այնպիսի բաների համար, որոնցում Սարգսյանը՝ իր բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ, կամ դերակատարություն չունի, կամ էլ չի արել ոչ մի այնպիսի բան, որ չի արել ինքը՝ Դոդի Գագոն։
Օրինակ, շեշտ է դրվում նրա վրա, որ ժողովուրդը տոկոսների տակ է ու բանկերից փող է վերցրել։ Կներեք, իհարկե, բայց Սերժն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Ի՞նչ է, եթե Դոդի Գագոն դառնա նախագահ, այնպես է անելու, որ բանկերն անտոկո՞ս վարկեր տրամադրեն, փակելու է եղած վարկերի տոկոսնե՞րը, թե՞ նա համարում է, որ բանկային ոլորտում տոկոսի վրա աշխատելը Սերժ Սարգսյանի նորամուծությունն է։

Դոդը կշտամբում է Սերժին՝ սահմանային լարվածության համար։ Ի՞նչ է, որ Դոդի Գագոն դարձավ նախագահ, ինքը կարո՞ղ է երաշխավորել, որ սահմանային լարվածություն չի լինելու, զոհեր չեն լինելու։ Ինչի ինքն Ադրբեջանի քաղաքականության վրա որոշիչ ազդեցություն ունի՞, թե՞ ուզում է ասել, որ մեր բանակն է իրականում անմեղ ադրբեջանցիներին սադրում։ Սա պարզապես հերթական հիմար միտքն էր, որից կարող են կախվել նույն Ադրբեջանն ու Թուրքիան, թե բա՝ տեսեք-տեսեք, անգամ Հայաստանի գլխավոր ընդդիմադիրն է խոստովանում, որ սահմանային լարվածության համար պատասխանատուն ՀՀ իշխանություններն են։

Դոդը մեղադրում է Սերժին՝ Գյումրիի սպանդից հետո լուռ մնալու համար։ Նախ լուռ չի եղել, հայտարարություն արվել է հենց առաջին օրը, իսկ հետո եղել է ցավակցական ուղերձ, բայց դա էլ մի կողմ, ասենք թե լուռ է եղել։ Բայց ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, իսկ ո՞ւր էր նույն Դոդի Գագոն, ինչո՞ւ չլսեցինք նրա ուղերձը, ինչո՞ւ չտեսանք նրան Գյումրիում, ու ինչո՞ւ նա քաղաքական ոչ մի հայտարարություն չարեց այս առնչությամբ, չէ՞ որ նա մատուցում է իրեն որպես այլընտրանք ու ժողովրդական հոգսերը բարձրաձայնող։

«Չարիքի իշխանությունից ձերբազատվելու» առումով

Սա հենց իր բնորոշումն է՝ չարիքի իշխանություն։ Լավ, ես դեմ չեմ, ես էլ հիացած չեմ մեր իշխանություններով, բայց կրկին ուղղեք ինձ, եթե սխալվում եմ. նույն Դոդի Գագոն չէ՞ր ամենագործուն կերպով մասնակցում այս իշխանությունների հաստատմանը, նույն Դոդի Գագոյի հաստավիզները չէի՞ն գործուղվել Մարտի 1-ին ընդվզման ալիքի ճնշմանը մասնակցելուն։ Սխա՞լ էր այդ ժամանակ, բա ինչի՞ իր ելույթում ներողություն չի խնդրում ու չի ընդունում իր սխալն ու մեղքի իր չափաբաժինը։

Կամ էլ թե չէ, երբ նա ժողովրդին կոչ է անում դուրս գալ փողոց ու տապալել իշխանությունը, ինչո՞ւ չի մանրամասնում, թե անձամբ իր մասնակցությունն ինչպիսին է լինելու։ Կարո՞ղ է մեկ էլ պարզվի, որ ինքը «չարի իշխանության» տապալումը ղեկավարելու է Կանյաչնիի իր հարմարավետ սենյակից, այլ ոչ թե փողոցում՝ իր իսկ հրավիրած մարդկանց հետ կողք կողքի։ Թե՞ էլի անմեղ մարդկանց փուռն եք տալու, հետո էլ ասեք, թե բա գիտե՞ք՝ անձնական անվտանգության հարց կար։

Մի խոսքով, սա ելույթ չէր, այլ խեղկատակություն, որը ոչ թե քաղաքական գնահատականներ էր տալիս, այլ նեղացած աբիժնիկի պատասխաններ էր հնչեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել